Ինչո՞ւ Գյումրու որոշ դպրոցների տնօրեններ աշխատանքի չեն ընդունում երիտասարդներին
Օրեր առաջ «Ասպարեզի» խմբագրություն դիմած քաղաքացին պատմում ու դժգոհում էր, որ դիմել է դպրոցի փոխտնօրենի աշխատանքի համար, սակայն շարունակում են մերժել: Նրա պահանջները թեպետ բավարարում են, սակայն Գյումրու որոշ դպրոցների տնօրինություններ նախընտրել են աշխատանքից չազատել իրենց փոխտնօրեններին, որոնց 63 տարին լրացել է արդեն:
Այսպիսով, Գյումրու դպորցներում երիտասարդ կադրերի մուտքը, որքան էլ զարմանալի թվա, ընդունելի չէ: Այնինչ, մեկ ամիս առաջ ԿԳ նախարար Ա.Աշոտյանը, անդրադառնալով կրճատումներին առաջարկել, հորդորել էր նույն այս տնօրեններին:
«….Հատկապես կենսաթոշակային տարիքի հասած մանկավարժներին պետք է հայտնենք մեր շնորհակալությունը, որպեսզի նրանք տեղը զիջեն երիտասարդ կադրերին»,-ԿԳ նախարարության պաշտոնական կայքի փոխանցմամբ` նշել է նախարարն ու ընդգծել, որ ըստ որոշ ուսումնասիրությունների, մեր երկիրն ամենատարեց ուսուցչական կազմ ունեցող երկրներից է:
«Ասպարեզը», հիմք ընդունելով քաղաքացու դժգոհությունը, պարզաբանումներ է խնդրել նախարար Ա.Աշոտյանից, թե ինչ իրավական հիմքերով կարող է դպրոցում շարունակել աշխատել 63 տարին լրացած քաղաքացի-մանկավարժը: Հարցման պատասխանը ստացել ենք ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանի անունից ( կատարող՝ իրավաբանական վարչություն, Ա.Բաղդասարյան), որը եւ ամբողջությամբ հրապաարկում ենք.
«ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաեւ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, նախքան դրա գործողության ժամկետի լրանալը, աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում, եթե աշխատանքային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Տեղեկացնում եմ նաեւ, որ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխւթյուններ կատարելու մասին» 2015 թվականի հունիսի 22-ի հ. ՀՕ-96-Ն ՀՀ օրենքի (օրենքն ուժի մեջ է մտնում 22.10.2015թ.) 19-րդ հոդվածով հստակեցվել է կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը, մասնավորապես` այդ հիմքով գործատուին վերապահվել է իրավունք` կենսաթոշակային տարիքը լրացած անձի աշխատանքային պայմանգիրը դարձնել որոշակի ժամկետով, որը համապատասխանում է ՀՀ Սահմանադրական դատարանի 2011 թվականի հոկտմբերի 11-ի «ՀՀ կառավարության դիմումի հիման վրա` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի եւ 114-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով» որոշման պահանջներին:
Համաձայն վերը նշված փոփոխւթյան` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը շարադրվել է հետեւյալ խմբագրությամբ. «11. Տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի վաթսուներեք տարին, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի վաթսունհինգ տարին լրանալու դեպքում, եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով»:
Ստացվում է, որ նախարար Ա.Աշոտյանի առաջարկն ու օրենքի պահանջը տարբեր են. սակայն, հիմք ընդունելով մեր երկիրի` ամենատարեց ուսուցչական կազմ ունենալու փաստը, բացարձակ անհասկանալի է Գյումրու այդ դպրոցների տնօրինությունների, նաեւ կրթության վարչության աշխատանքային սկզբունքներն ու մոտեցումները: Այս պատմությունները բազմաթիվ են Գյումրիում եւ Շիրակի մարզում. անհրաժեշտ պայմանները բավարարող շատ երիտասարների այդպես էլ չի հաջողվում աշխատել հանրակրթական դպրոցում: