Ադրբեջանական կողմը կեղծ տեսանյութ է տարածել, թե իբր հայ զինվորների են ոչնչացնում. «Առավոտ»
«Առավոտ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանը «Իրավունքին» որոշ պարզաբանումներ էր ներկայացրել հայկական կողմի` Աղդամի ուղղությամբ հակառակորդի «պոստեր» գրավելու վերաբերյալ տեղեկատվության առիթով: Նա մասնավորապես փոխանցել էր. «Այո, վերջին լարվածությունների ընթացքում այն «պոստերը», դիրքերը, որտեղից թշնամին փորձում է ավելի հաճախակի, ավելի շատ, այսպես ասած՝ իր ատամները ցույց տալ, այդ ատամները ջարդվում են»:
Aravot.am-ը Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս են այս փաստը ներկայացնում ադրբեջանական ԶԼՄ-ները և արդյոք նման իրադարձությունների մասին անընդհատ բարձրաձայնելը անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Պարոն Վրթանեսյանը պատասխանեց, որ մեծ տարբերություն կա «պոստեր» գրավելու և ոչնչացնելու միջև ու շեշտեց, որ այս դեպքում խոսքը ոչնչացնելու մասին է, այլ ոչ գրավելու: Դառնալով հարցին` արդյոք «պոստերի» և նմանատիպ հարցերի հետ կապված թեմաների լուսաբանումը նպատակահարմա՞ր է, փորձագետը նկատեց, թե ընդհանրապես ինչքան քիչ ինֆորմացիա տրվի, այնքան ավելի լավ, բայց մյուս կողմից՝ հավասարակշռվածության հարց կա, մարդիկ էլ պետք է տեղեկատվություն ստանան: Փորձագետը «մեդիա աժիոտաժին» դեմ է: Կարեն Վրթանեսյանը նշեց, որ ադրբեջանական լրահոսում չի հայտնվում սահմանից` Ադրբեջանի համար ոչ բարենպաստ նորություն: Ապատեղեկատվության տարածման մասին էլ ասաց. «Ապատեղեկատություն տարածելը դեռ իրենց մոտ չի ստացվում: Օրինակ` մի տեսանյութ էին տարածում` իրենց բառերով ասած` իբր հայ զինվորների են ոչնչացնում, մինչդեռ այդ օրերին հայկական բանակը որևէ կորուստ չէր տվել: Պարզապես ինչ-որ հրետակոծություն էին նկարահանել ու դա ներկայացնում էին որպես կորուստ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: