Խայտառակ կալանավորում Ագրարային համալսարանում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցյալ շաբաթ կալանավորել են ագրարային համալսարանի մի աշխատակցուհու, որի անունը գաղտնի է պահվում։ Իրավապահները նրան աշխատավայրից խայտառակ ձևով են տարել՝ ձեռնաշղթաները հագցրել են և ուղեկցել են դուրս։
Մեր տեղեկություններով, նա ագրարային համալսարանի հեռակա բաժնի աշխատակից է եղել։ Բացահայտվել է, որ երրորդ կուրսի մի ուսանողի, որը բնակվում է Ռուսաստանում, կեղծ գնահատականներ են դրվել, ձևակերպվել է, թե, իբր, նա հանձնում է բոլոր քննությունները։ Իրականում սակայն ուսանողն այդ չի հանձնել քննությունները։ Մեր աղբյուրը հայտնում է, որ նա անգամ ագրարայինի տեղը չգիտի, և գնահատականներ ստանալու համար գումար է տվել ԲՈՒՀ-ի աշխատողներին։
Թե քանի դասախոս է օգտվել այս կաշառքից, հավանաբար, կպարզեն իրավապահները։ Մեր տեղեկություններով, ռեկտոր Արշալույս Թարվերդյանն արդեն հատուկ ժողով է հրավիրել, որի ընթացքում քննարկվել է միջադեպը։ Նա ցուցումներ է տվել իր կոլեկտիվի անդամներին, թե ինչպես նրանք պատասխանեն քննիչների հարցերին։ Կատարվածի շուրջ ագրարային համալսարանում լիարժեք լռություն են պահպանում։
Չեն հայտնում անգամ կալանավորված կնոջ անունը, ինչը կարող է նշանակել, որ այնտեղ իրավապահների հետ ստվերային պայմանավորվածություններ ձեռք բերելու հույս ունեն։ «Հիմա քննություն է գնում։ Թող իրավապահներն աշխատեն, հետո նոր հրապարակում կլինի»,- հայտնեց ագրարային համալսարանի մամուլի բաժնի պատասխանատու Անի Խուդավերդյանը՝ վստահեցնելով, որ իրեն ոչինչ հայտնի չի, անգամ իրենց աշխատակցի ազգանունը»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: