Բաժիններ՝

Բերման ենթարկված ակտիվիստներն ազատ արձակվեցին. Հաջորդ հանրահավաքը կլինի հոկտեմբերի 30-ին

«Սա մենք համարում ենք Ոստիկանության կողմից ապօրինություն՝ մեր իրավունքները խախտելու մասով, մենք մեր իրավունքներն իրացնելիս ենք եղել, որևէ անկարգություն չենք արել, բոլոր գործողությունների պատասխանատվությունը կրում է Ոստիկանությունը»,- քիչ առաջ Արաբկիրի ոստիկանության բաժանմունքի դիմաց այս մասին հայտարարեց սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը: Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի շենքի դիմաց նախաձեռնության բողոքի ակցիայի ժամանակ 17 հոգի բերման էին ենթարկվել, որոնք այս պահի դրությամբ բոլորն էլ ազատ են արձակվել:

Խոսելով իրենց հետագա գործողությունների մասին՝ Ա. Մուսախանյանը տեղեկացրեց, որ իրենք ակտիվ իրազեկման գործողություններ կանեն քաղաքներում և մարզերում, իսկ թե որ քաղաքական ուժերը կմասնակցեն իրենց առաջիկա հանրահավաքին, նախաձեռնության անդամները խոստացան տեղեկացնել ավելի ուշ:

Ա. Մուսախանյանը նաև հայտարարեց, որ իրենց հաջորդ հանրահավաքը լինելու է հոկտեմբերի 30-ին Ազատության հրապարակում: Հարցին՝ ինչո՞ւ եք այդքան սպասում, Ա. Մուսախանյանը պատասխանեց, որ 3 շաբաթում իրենք հազիվ կհասցնեն քաղաքացիների հետ շփվել, նրանց իրազեկել ու մոբիլիզացնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս