
«Տարեվերջի բարձր գնաճը ներմուծված ապրանքների գների աճի հետևանք է». Ներսես Երիցյան

Այսօր ԱԺ նիստում ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը ներկայացրեց ՀՀ կենտրոնական բանկի 2014 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (գնաճի հաշվետվություն):
Ըստ նրա՝ 2014 թ. չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրով նախատեսվում էր տարեվերջին գնաճային միջավայրի ընդլայնում, թեև տարին ամփոփվելու էր 12-ամսյա գնաճի՝ նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում: Ն.Երիցյանը նշեց, որ պայմանավորված տարեվերջին արտարժութային հոսքերի կտրուկ նվազման և ռուսական ռուբլու արժեզրկման ազդեցությամբ դրամի արժեզրկման ու գնաճային միջավայրի ընդլայնման դրսևորումներով, ինչպես նաև դրանց արդյունքում ձևավորված գնաճային սպասումներով՝ 12-ամսյա գնաճը գերազանցել է սպասելիքները՝ դեկտեմբերի վերջին կազմելով 4.6%, բայց այն գտնվել է գնաճի տատանումների թույլատրելի 4.0 + 1.5 տոկոսային կետ միջակայքում: Նրա խոսքով՝ հաշվետու եռամսյակում արձանագրվել է 5.4% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2.3%-ի փոխարեն, ինչը պայմանավորվել է գերազանցապես պարենային ապրանքների գների 9.1% աճով՝ ընդհանուր գնաճին 4.8 տոկոսային կետով նպաստմամբ:
«Տարեվերջի բարձր գնաճը ներմուծված ապրանքների գների աճի հետևանք է՝ հիմնականում պայմանավորված դրամի փոխարժեքի կտրուկ արժեզրկմամբ»,- ասաց Ն.Երիցյանը: