Ռուսական ավիացիան ոչնչացրել է ԴԱԻՇ-ի տանկերն ու զրահատեխնիկան
Ռուսական ավիացիան Սիրիայում ոչնչացրել է ԴԱԻՇ-ի բազայում տեղակայված տանկերն ու զրահատեխնիկան: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Ինչպես հայտնել են ռազմական գերատեսչությունից, ոչնչացվել է 30 միավոր տարբեր տեսակի տեխնիկա, այդ թվում՝ սիրիական բանակից խլված Т-55 տանկերը, տեղեկացնում է TASS-ը:
«Օբյեկտին հասցվել է 6 ավիացիոն հարված, ինչի հետևանքով զինյալների տեխնիկան ամբողջությամբ ոչնչացվել է»,- հայտարարել է Կոնաշենկովը:
Բացի զրահատեխնիկայից՝ ՌԴ ռազմատիեզերական ուժերի «Սու-24Մ» գրոհիչ ինքնաթիռները գրոհել են ահաբեկիչների կապի հանգույցը Հոմս նահանգում ու Համա նահանգի Էր-Ռաստան քաղաքի մերձակայքում հրամանատարական կետը:
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ այն դադարել է գործել:
Բացի այդ՝ Իդլիբ նահանգում «Սու-24Մ» գրոհիչ ինքնաթիռը հարված է հասցրել զինյալների հրետանային համակարգերին Ջիսր-էշ-Շուղուր շրջանում, իսկ «Սու-25»-ը ոչնչացրել է հրետանայինն կետ Ջաբել Կոբա շրջանում: