Բաժիններ՝

Գործարկվել է մանկապարտեզներում երեխաների հերթագրման և հաճախելիության հաշվառման էլեկտրոնային համակարգը

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ գործարկվել է քաղաքապետարանի ենթակայության  մանկապարտեզներում երեխաների հերթագրման և հաճախելիության հաշվառման էլեկտրոնային համակարգը, որը հնարավորություն է տալիս բացառել մանկապարտեզներում երեխաների կրկնակի հերթագրման դեպքերը: Առանձնակի կարևորելով համակարգի ներդրումը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է հընթացս մանրակրկիտ ուսումնասիրել համակարգի աշխատանքն ու քայլեր ձեռնարկել ապագայում այն քաղաքացիների համար ևս հասանելի դարձնելու ուղղությամբ:

«Մեր հաշվարկներով ամեն տարի մոտ 9500 երեխա ավարտում է քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներն ու հաճախում է դպրոց: Սա նշանակում է, որ սեպտեմբերին 9500 երեխա էլ ընդունվում է մանկապարտեզ: Մինչ համակարգի ներդրումը այնքան էլ հստակ չէր, թե իրականում որքան է կազմում հերթագրված երեխաների քանակը: Ներկայացվում էին տարբեր ուռճացված թվեր, մինչդեռ այս համակարգի ներդրման արդյունքում հնարավորություն ունեցանք լիարժեք պատկերացում կազմել, թե իրականում որքան է կազմում հերթագրված այն երեխաների թիվը, ովքեր արդեն իսկ պետք է հաճախեին մանկապարտեզ:

Ըստ այդմ, հերթագրված 3 տարեկանից բարձր երեխաների թիվը շուրջ 2500 է, հետևաբար խնդիրը լուծելու համար մեզ անհրաժեշտ է ապահովել լրացուցիչ 2000-2500 տեղ: Համակարգի ներդրումը, փաստորեն, բացահայտեց նաև հերթագրման թվերի ուռճացման պատճառները, որոնց թվում էր նաև նույն երեխայի կրկնակի, անգամ եռակի հերթագրումը: Բացի այդ, հերթագրվածների մեջ քիչ չէին նաև մինչև մեկ տարեկան երեխաները: Հատկապես այս մասով լուրջ աշխատանք կա կատարելու բոլոր այն ծնողների հետ, ովքեր իրենց 2-3 ամսեկան երեխաներին հերթագրում են մանկապարտեզներում: Պետք է լուծել անհրաժեշտ տեղերի հարցն ու բացատրել ծնողներին, որ երբ լրանա երեխայի մանկապարտեզ հաճախելու տարիքը, նրա համար արդեն իսկ ստեղծված կլինեն բոլոր պայմաններն ու որևէ խնդիր չի առաջանա: Իսկ ծրագրի կատարելագործման հարցում պետք է լինել ավելի հետևողական, ընթացքում նկատվող բոլոր թերությունները վերացնել, որպեսզի որոշ ժամանակ անց համակարգից օգտվելու հնարավորություն ընձեռենք նաև մեր քաղաքացիներին»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս