72 հա-ով ավելացել է արտադրական նշանակության հողերի մակերեսը
Անցած մեկ տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի հողային հաշվեկշռում բավականին հետաքրքիր փոփոխություններ են տեղի ունեցել:
Ըստ կառավարության հաստատած 2015 թվականի հողային հաշվեկշռի՝ 2014 թվականի համեմատ 72 հա-ով ավելացել է արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության հողերի մակերեսը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լեւոն Գրիգորյանի խոսքով՝ դա տեղի է ունեցել ի հաշիվ Մարտակերտի շրջանի գյուղատնտեսական եւ անտառային նշանակության հողերի, որոնց կատեգորիաները փոխվել են ընդերքօգտագործման նպատակներով: Ամենայն հավանականությամբ խոսքը Մարտակերտի շրջանում Կաշենի հանքի շահագործման նպատակով տարածքների տրամադրման մասին է:
Իսկ ահա Քաշաթաղի եւ Շահումյանի շրջաններում մոտ 40 հեկտարով ավելացել են էներգետիկ նշանակության հողերը: Այս շրջաններում տարվա ընթացքում սկսվել ու շարունակվել են մի շարք հիդրոէներգետիկ ծրագրեր:
0,5 հա-ով ավելացել են ջրային հողերը՝ նոր ձկնաբուծարան կառուցելու պատճառով:
Ընդհանուր առմամբ ԼՂՀ հողային ֆոնդի գերակշիռ մասը գյուղատնտեսական եւ անտառային հողերն են: 1143,27 հազար հեկտարից ոռոգովի է ընդամենը 14,595 հազար հեկտարը: Ըստ սեփականության իրավունքի՝ 949,84 հազար հեկտարը պետական սեփականություն է , 151,776 հազար հեկտարը՝ համայնքային: Քաղաքացիներին է պատկանում 39,58 հա տարածք, 1730 հեկտարը իրավաբանական անձանց սեփականությունն է: Իսկ 344 հեկտարը պատկանում է օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների եւ ԼՂՀ-ում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձանց: