Բաժիններ՝

Քեմերոնը Սիրիայում Ռուսաստանի գործողությունները համարել է «սարսափելի սխալ»

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը դատապարտել է Սիրիայում Ռուսաստանի ռազմական միջամտությունը: Նրա խոսքով՝ Մոսկվան հարվածներ չի հասցնում ԴԱԻՇ-ի ջիհադիստներին, այլ ընդամենն օգնում է «մսագործ Ասադին»:

BBC-ին տված հարցազրույցում Քեմերոնը կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «փոխել կուրսն» ու աջակցել ԴԱԻՇ-ի դեմ ԱՄՆ-ի ու Բրիտանիայի ջանքերին:

Բրիտանիայի վարչապետի խոսքով՝ ռուսական ավիացիան հարվածներ է հասցնում այն տարածքներին, որոնք գտնվում են ոչ թե ԴԱԻՇ-ի զինյալների, այլ չափավոր ընդդիմության հսկողության ներքո:
«Նրանք աջակցում են մսագործ Ասադին, ինչը սարսափելի սխալ է նրանց ու ողջ աշխարհի համար: Դա միայն ավելացնում է անկայունությունը տարածաշրջանում»,- հավելել է նա:

Քեմերոնը նաև խոստացել է զգալիորեն ավելացնել Բրիտանիայի ռազմական հնարավորությունները ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու համար, այդ թվում՝ ավելացվելու է անօդաչու թռչող սարքերի թիվը, որ կա Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի տրամադրության տակ:

Sunday Telegraph-ին տված հարցազրույցում Քեմերոնը նաև հույս է հայտնել, որ երկրի խորհրդարանը կքվեարկի ԴԱԻՇ-ի դեմ ընդլայնված օպերացիաներ վարելու ու բրիտանական ռազմաօդային ուժերի կողմից ոչ միայն Իրաքում ջիհադիստների դիրքերին հարվածներ հասցնելու օգտին, այլև Սիրիայում:

«Մենք չենք կարող անտեսել ահաբեկչական սպառնալիքը, իսկ դա նշանակում է, որ մենք պետք է ավելացնենք ռեսուրները, որոնք ուղղվում են ահաբեկչության դեմ պայքարին»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս