
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Իրանի դեսպանին

Հոկտեմբերի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունեց Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսիին:
Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց դեսպան Ռեյիսիին հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում բեղմնավոր աշխատանքի համար։ Նախարարը նշեց, որ դեսպանի առաքելության ընթացքում ամենատարբեր ոլորտներում հայ-իրանական համագործակցությունը շարունակել է խորանալ և ընդլայնվել:
Դեսպան Ռեյիսին շնորհակալություն հայտնեց նախարար Նալբանդյանին իր առաքելության ընթացքում արտգործնախարարության կողմից ցուցաբերած աջակցության համար՝ համոզմունք հայտնելով, որ հայ-իրանական հարաբերություններն ապագայում նույնպես կշարունակեն վերելք ապրել։
Էդվարդ Նալբանդյանը առանձնակի կարևորեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ որպես տարածաշրջանում կայունության և համագործակցության ամրապնդմանն ուղղված կարևոր քայլ: Նախարարը վստահություն հայտնեց, որ դա հավելյալ խթան կհանդիսանա՝ Հայաստանի և բարեկամ Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման համար:
Նախարար Նալբանդյանը հաջողություններ մաղթեց Մոհամմադ Ռեյիսիին իր հետագա գործունեության մեջ և ի նշանավորումն նրա արդյունավետ գործունեության դեսպանին հանձնեց ԱԳՆ հուշամեդալը։