Բաժիններ՝

Ինչպե՞ս է եկեղեցին վերաբերվում խաղաքարտով, սուրճի բաժակով գուշակություններին

– Խաղաքարտով, սուրճի բաժակով գուշակություններին եկեղեցին ինչպե՞ս է վերաբերվում։ Դրանք ավելի շատ զվարճանք են, քան՝ գուշակություն:

– Բ Օր. 18: 10-12 համարը միանշանակ արգելում է գուշակությամբ զբաղվելը, որը սուտ մարգարեների գործն է և անընդունելի՝ «Ձեր մեջ թող չգտնվի այդպիսի մեկը…»։ Ուրեմն պետք է զգուշանանք, կարծես թե անվտանգ ու անվնաս թվացող գուշակություններից, ինչպիսին էլ որ լինեն` սուրճի մրուրով, թե խաղաքարտերով, թե աստղագուշակներով կատարվող` միևնույն է։ Եթե մենք լինենք կատարյալ, հավատարիմ մեր Տիրոջ պատգամներին, ապա մեզ ոչինչ վնասել չի կարող, և գուշակությունների  անհրաժեշտությունն էլ չենք ունենա։

Մարդը ստեղծված է ազատ և կրում է Աստծու պատկերն ու նմանությունը: Ապագան փնտրել սուրճի մրուրի կամ խաղաթղթերի մեջ` վիրավորական է հենց այդ անհատի համար։ «Ի՞նչ հարաբերություն լույսի և խավարի միջև, և կամ ի՞նչ միաբանություն Քրիստոսի ու Բելիարի միջև», – ասում է Պողոս առաքյալը (Բ Կորնթ. 6: 14-15)։ Ուրեմն խմենք սուրճ, բայց բաժակը շուռ չտանք, իսկ խաղատուն կամ գուշակությունների սրահ տանող ճանապարհն ընդմիշտ մոռանանք, քանի որ «գալով կախարդներին, կռապաշտներին, հմայողներին ու բոլոր ստախոսներին՝ ամբարիշտներին, նրանց բաժինը ծծումբով ու հրով այրվող լճի մեջ է, որ երկրորդ մահն է» (Հայտն. 21: 8)։

Օրհնությամբ՝ Տ. Ղևոնդ քահանա Մայիլյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս