
Մաշտոցի պուրակում մեկնարկել է Vegan Fest Yerevan-2015 փառատոնը

Այս պահին Մաշտոցի պուրակում անց է կացվում Vegan Fest Yerevan-2015 փառատոնը: 168.am-ի հետ զրույցում փառատոնի կազմակերպիչներից Անի Խաչատրյանն ասաց, որ առողջ ապրելակերպին ու կենդանիների պաշտպանությանը նվիրված այս միջազգային փառատոնը Հայաստանում անցկացվում է արդեն երրորդ անգամ.
«Փառատոնի կարգախոսն է՝ «Ընտրիր կյանքը»: Այն նպատակ ունի Հայաստանում տարածել առողջ ապրելակերպի և կենդանիների պաշտպանության գաղափարներ: Ցանկանում ենք մարդկանց ցույց տալ, որ բուսակերները մեր հասարակության մի մասն են ու իրենք ունեն ինչ-որ ուրախ փառատոններ:
Փառատոնի ընթացքում կազմակերպվում են մշակութային, սպորտային և ժամանցային տարաբնույթ միջոցառումներ, դասախոսություններ առողջ սննդի ու առողջ ապրելակերպի մասին, բուսական համեղ սննդի հյուրասիրություն, թեյախմություն, մրցանակների խաղարկություն մասնակիցների միջև և այլն»:
Անին նշեց, որ փառատոնը որևէ կազմակերպություն չի կազմակերպում, այլ ամեն անգամ տարբեր անհատներ համախմբվում և իրականացնում են այն: «Չունենք հովանավոր, ամեն տարի դրամահավաքների միջոցով ենք փառատոնի գումարը հավաքում ու կազմակերպում»: