«Ամերիկան Ռուսաստանի հետ մտավ գործի մեջ»

«Ռուսաստանը Սիրիա չի մտել եզդիների կամ քրդերի համար, նա կուտակել է իր ուժերը, վերադառնում է Ասադի օգնությամբ և փակում է Թուրքիայի նեղուցները, Ռուսաստանը հիմա գործում է՝ իր ազգային շահերից ելնելով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Ըստ նրա՝ ՌԴ-ի այս քաղաքականությունը Հայաստանի համար ձեռնտու է. «Այս գործողությունը ողջունելի, բայց նաև ուսանելի է մեզ համար: Աշխարհը հավաքվել էր Ասադի դեմ, բայց սեփական կառավարությունն այնքան կռվեց, մինչև դաշնակիցներ գտնվեցին»:

Հարցին՝ Օբամա-Պուտին հանդիպումից հետո փորձագետները նշում էին, որ սա թեև փոքր քայլ է, բայց առաջընթաց է, սակայն դրանից հետո՝ մենք ականատես եղանք, որ Ռուսաստանը Սիրիայում գործի անցավ, Ամերիկան մի կո՞ղմ մղվեց, Լ. Շիրինյանն այսպես պատասխանեց. «Գործարք եղավ, ուժեղի բալանսը պարտադրեց ամերիկացիներին ընդունել Ռուսաստանին՝ այն աթոռին նստել, որը դատարկ էր, որը Ռուսաստանն ուզում էր: Ռուսաստանը եկավ, նստեց այն աթոռին, որն իր համար էր Աստված նախատեսել: Օբաման ոչինչ անել չէր կարող ու համաձայնեց: Եղավ գործարք, իրար հետ համաձայնվեցին»:

Լրագրողի ճշտող հարցին, թե Սիրիայի հարցում Ամերիկան խաղից դո՞ւրս եկավ, քաղաքագետը պատասխանեց, որ դուրս չեկավ, այլ Ռուսաստանի հետ «մտավ գործի մեջ»:

Տեսանյութեր

Լրահոս