«Նախագահի այդ խոսքի հասցեատերն Ադրբեջանը չէր, այլ՝ միջազգային հանրությունը՝ հիմնական դերակատարներով». Խոսրով Հարությունյան

«Հայաստանը բազմիցս առաջ է քաշել այն թեզը, որ, եթե ուզում եք՝ շփման գծում ունենանք գոնե կառավարելի իրավիճակ, ապա դիպուկահարներին հետ քաշեք: Բազմաթիվ անգամ է այս հարցը բարձրացվել, բայց Ադրբեջանը, տարբեր պատճառներով, խուսափում է այս խնդրից, մինչդեռ բոլորս լավ հասկանում ենք՝ դիպուկահարների առկայությունը շփման գծում ուղղակիորեն լարվածության նպատակ է հետապնդում: Պետք է փաստել մի բան՝ Հայաստանը երբեք չի նախաձեռնում իրավիճակի սրացում:

Նախագահ Սարգսյանի խոսքերի ամբողջ ենթատեքստը դա է, որ հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա, այդ թվում՝ ոչ միայն հայ-ադրբեջանական փոխհարաբերություններում, այլ նաև՝ տարածաշրջանի կայունության տեսանկյունից: Քանի որ ոչ նպաստավոր այդ զարգացումները վտանգում են  տարածաշրջանի կայունությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Ըստ նրա՝ նախագահը երբ ասաց, որ Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է, նկատի ուներ այն, որ Հայաստանը ձեռնպահ կմնա այնքան ժամանակ,  քանի դեռ բանակցային գործընթացը հնարավորություն է տալիս կարգավորելու. «Եվ միայն այն դեպքում, երբ մենք տեսնենք, որ ԼՂՀ-ի անվտանգությունը սպառնալիքի տակ է, Հայաստանը ոչ միայն կճանաչի, այլև կձեռնարկի անհրաժեշտ քայլեր նրա անվտանգությունն ապահովելու համար: Այդ խոսքերն արտաբերվեցին այն բանից հետո, երբ նախագահը փաստեց, որ սահմանի վրա որակապես նոր իրավիճակ է ձևավորվում, այսինքն՝ Ղարաբաղի և Հայաստանի համար նոր սպառնալիքներ են ձևավորվում: Այս պայմաններում շատ տրամաբանական է, որ նախագահի խոսքն ուղղակի նախազգուշացում էր, և այդ խոսքի հասցեատերն Ադրբեջանը չէր, այլ՝ միջազգային հանրությունը՝ հիմնական դերակատարներով: Այսինքն՝ քաղաքականության մեջ փոփոխություն չի կատարվում, այլ ընդամենն ասաց, որ այս խնդիրը կարող է օրակարգային դառնալ»:

Խ. Հարությունյանը նկատեց՝ բանակցային գործընթացը երբեք չի կարելի համարել տապալված, քանի որ, ըստ նրա՝ այն լուրջ կենսագրություն ունի. «Այս 20 տարիների ընթացքում արձանագրվել են թեկուզ փոքր ձեռքբերումներ, որոնք վաղ թե ուշ կարող են օգտագործվել: Այլ հարց է, թե ինչպես են կողմերը դրան վերաբերվում: Այլ հարց է ՝ արդյո՞ք կողմերը ռեսուրս ունեն՝ քամահրանքով վերաբերվել միջազգային միջնորդների այդ նախաձեռնություններին: Ես չեմ կարծում, թե մենք երբևէ կխուսափենք խաղաղ բանակցային գործընթացից: Այլընտրանքն անկանխատեսելի զարգացումներն են»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս