Բաժիններ՝

Վտանգված են Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի պարապմունքները

asparez.am-ը գրում է. ՀՀ կենտրոնական իշխանությունները` նախագահը, վարչապետը, հարկ եղած դեպքում հանապատասխան նախարարը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք հիմնականում ՀՀԿ-ականներ են, Գյումրու խնդիրներին այդքան էլ ուշադրություն չեն դարձնում: Օրինակ` Սերժ Սարգսյանը Գյումրի է գալիս, երբ ժապավեն կտրելու կտրելու առիթ կա: Գյումրին ու գյումրեցուն հիշում են, երբ քծնելու խնդիր ունեն:

Նման մի օրինակ է, երբ գյումրեցի հայտնի մարզիկ-մարզուհիները տարբեր սպորտաձեւերում հիմանականում առաջին կամ երկրորդ տեղի մեդալակիր են դառնում: Մասնավորապես, հունահռոմեկան մարզաձեւի մարզիկ, աշհարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, երբ վերջերս Լաս Վեգասում վաստակեց աշխարհի կրկնակի չեմպիոնի կոչումը, բոլորը հպարտացան` նախագահը, նախարարը, վարչապետը եւ այլոք:

Սակայն, չգիտես ինչու, նույն հպարտացող պաշտոնյաները անհետ կորում են, երբ հերթը հասնում է մարզիկի մարզադպրոցի վերանորոգման խնդրին: Կենտրոնական իշխանությունների օրինակին են հետեւում նաեւ տեղական իշխանությունները:

Նշենք, որ մարզադպրոցի տնօրեն, Արթուր Ալեքսանյանի մարզիչ` Գեւորգ Ալեքսանյանը aravot.am-ին տեղեկացրել էր, որ կառույցի կապիտալ վերանորոգումը արժի 400 հազար ԱՄՆ դոլար, քանի որ հատակը խարխուլ է, իսկ պատերը բորբոսնած:

«Ասպարեզը» այս հարցի շուրջ զրուցել է Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության սպորտ բաժնի պետ Վաչիկ Վարդանյանի հետ: Պաշտոնյան հավաստիացնում է, որ խնդիրը կլուծվի:

-Մի քանի տարի է՝ քննարկվում էր, թե երբ պետք է վերանորոգվի այդ դպրոցը: Հիմա, վստահ կարող եմ ասել, որ հունահռոմեական մարզաձեւի դպրոցի շենքը մտել է պետական ծրագիր եւ ինչպես մեր պետական այրերն են ասում՝ 2016 թվականին այն կվերանորոգվի: Դպրոցի դիմաց մեծ տարածք կա: ՀՀ կառավարությունը խոստացել է, որ նորն է կառուցելու, իսկ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն խոստացել է վերանորոգել:

Հաշվի առնելով Գյումրու բնակլիմայական պայմանները, գիտակցում ենք, որ մայրաքաղաքի համեմատ, այստեղ ջեռուցման շրջանը շուտ է մեկնարկում` հոկտեմբեր ամսվա կեսերից: Սակայն, ինչպես պարզվում է, ջեռուցմամբ ապահովված են միայն ՊՈԱԿ մարզադպրոցները: Այս հարցում էլի սեւ ամպերը կուտակված են Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի գլխին:

-Մյուս կառույցների ենթակայության տակ գտնվող դպրոցներում այս խնդիրը կա: Ընդամենը երկու օր առաջ քննարկվել են տնօրենների հետ: Օրինակ, Արթուր Ալեքսանյանի անվան դպրոցում հաշվարկները կատարել են, 6 ամսվա ջեռուցման գազի վարձավճարը կազմել է 400-600 հազար դրամ: Խնդիրը շատ օրհասկան է, եթե գումար չեղավ, այդքան երեխա պետք է պարապուրդի մատնվի:

Ինչպես Գյումրու, այնպես էլ մարզի կտրվածքով մարզադպրոցներից շատերը, բացի շենքային խնդիրներից, ունեն գույքի, համապատասխան սպորտաձեւի հագուստի եւ այլ մարզասարքերի կարիք: 2014 թվականի պետական գույքային ծրագիր չի իրականացվել, ըստ այդմ էլ՝ մարզի դպրոցներին գույք չի հասել: Սակայն մարզպետարանի պատասխանատուն գոհ է 2015 թվականին պետությունից ստացած գույքից:

-Այս տարի 170 մլն դրամի շրջանակներում իրականացրած գույքային ծրագրի 70 մլն դրամը բաժին է հասել Շիրակի մարզին: Սա առաջին տարին է, որ այդքան խմբաքանակով մարզագույք ենք ստանում: Արթիկի մարզադպրոցը առաջ ռինգ չուներ, ըմբշամարտի գորգ չուներ` գնում նայում էիր, մեղքդ գալիս էին: Եթե մյուս տարի էլ մարզդպրոցների հիմանորոգման նման ծրագիր լինի, լավ կլինի:

Նշենք, որ ՀՀ կառավարության կողմից Շիրակի մարզի հրատապ խնդիրների լուծման համար տրամադրված 530 մլնից որեւէ գումար չի տրամադրվել մարզական ոլորտին: Մարզադպրոցներից զատ, լուրջ խնդիր է նաեւ այն, որ հանրակրթական դպրոցներին կից սպորտդահլիճներ չկա, իսկ այդպիսի դպրոցները մարզում 56-ն են: Նշյալ կարգավիճակը ունեցող դպրքոցների սաները ֆիզկուլտուրայի դասաժամերին ամռանը վազվզում են դպրոցի ասֆալտապատ բակում, իսկ ձմռանը` դասարաններում: Այս փաստը հաշվի առնելով՝ սպորտ բաժնի պետից փորձեցինք պարզել, թե արդյո՞ք կենտրոնական եւ տեղական իշխանությունները միայն գյումրեցի մարզիկների հաղթանակների ժամանակակ չե՞ն հիշում Գյումրու սպորտային կյանքը, երբ պետք է հիանալ ու հպարտանալ մարզիկի հաջողություններով, կամ ինչու՞ են բավարարվում միայն դափնեպսակ նվիրելով:

-Թույլ տվեք Ձեզ հետ չհամաձայնվել, քանի որ դափնեպսակից բացի, կառավարության համապատասխան որոշմամբ լավ մարզիկը պարգեւատրվում է: Նա կարող է պահել իր տունը, եղբոր տունը, քրոջ տունը: Կառավարությունը ինչքան հնարավորություն ունի՝ օգնում է: 30-50 հազար դոլարին համարժեք դրամ է ստանում:

Այսինքն, միայն անհատական օժանդակություն կա, ինչու՞ մասայական խնդիրներ չի լուծում կենտրոնական եւ տեղական իշխանությունը` մարզադպրոցի կառուցում, սպորտդահլիճի վերանորոգում եւ այլն: Կառավարությունը բավարարվու՞մ է գումար եւ ավտոմեքենա տալով:

-Մեր բախտը նրանով չի բերել, որ վերջին 2-3 տարիներին նման մեծ ծրագրեր չեն իրականացնում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 
 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս