Մեդվեդևը հուսով է, որ Սիրիայում կոնֆլիկտը կհանգուցալուծվի բանակցությունների միջոցով
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Սիրիայում օպերացիան ուղղված է ահաբեկչության սպառնալիքից ռուսների պաշտպանությանը:
«Պաշտպանության վրա մեր ծախսերը փոքր չեն, այդ ծախսերը հիմնավորված են՝ հաշվի առնելով մեր երկրի ներկայիս վիճակը, ինչպես նաև մեր ԶՈՒ-ն վերաֆորմատավորելու անհրաժեշտությունը»,- հայտարարել է նա «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Մեդվեդևն ընդգծել է, որ ավելի լավ է ահաբեկչության դեմ պայքարել Ռուսաստանի սահմաններից դուրս, քան երկրի ներսում:
«Մենք պաշտպանում ենք Ռուսաստանի ժողովրդին ահաբեկչության սպառնալիքից, քանի որ ավելի լավ է՝ դրանով զբաղվել սահմանից այն կողմ, քան ահաբեկչության դեմ պայքարել երկրի ներսում»,- ասել է Մեդվեդևը:
Նրա խոսքով՝ գլխավորը, որ Սիրիայում կոնֆլիկտը հանգուցալուծվի խաղաղ բանակցությունների ճանապարհով ու հաջողվի մեկ սեղանի շուրջ նստեցնել սիրիական ընդդիմությանն ու իշխանությանը:
«Գլխավորն այն է, որ ամեն ինչ լուծվի բանակցային ճանապարհով, որպեսզի հաջողվի մեկ սեղանի շուրջ նստեցնել ընդդիմությանն ու իշխանությանը, ու որ նրանք մշակեն Սիրիայի ապագայի մասին առաջարկներ»,- ասել է Մեդվեդևը: