
Համբուրգում ներգաղթյալներին կբնակեցնեն դատարկ սրճարաններում ու խանութներում

Համբուրգը դարձել է Գերմանիայի առաջին քաղաքը, որտեղ ընդունվել է օրենք, որը թույլ է տալիս իշխանություններին առևտրային հարթակները ժամանակավորապես վերածել ներգաղթյալներին ապաստան տրամադրելու վայրերի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Փախստականների զանգվածային հոսքը հանգեցրել է նրան, որ տեղի իշխանությունների՝ նրանց տեղակայելու համար նախատեսված բոլոր վայրերը ծանրաբեռնված են, ու որոշ ներգաղթյալներ ստիպված են քնել բաց երկնքի տակ:
Դատարկ առևտրային հարթակների սեփականատերերը կստանան փոխհատուցում՝ իրենց տարածքներում ներգաղթյալների տեղակայելու համար: Բնակելի տարածքներին օրենքը չի վերաբերում:
Ընդունված օրենքը ուժի մեջ կմտնի արդեն հաջորդ շաբաթ:
Համբուրգում ընդունված օրենքը կոչվում է ժամանակավոր ու արտակարգ միջոցառում: Այն կգործի մինչև 2017 թվականի մարտը:
Հետազոտության համաձայն, որն անցկացրել է Գերմանիայի հասարակական հեռուստաալիքների ասոցիացիան, Գերմանիայի բնակչության 51%-ը վախեցած է երկիր ներգաղթյալների աննախադեպ հոսքից:
Հիշեցնենք, որ վերջին հարցումների համաձայն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վարկանիշն ընկել է մինչև չորսամյա մինիմումն այն բանից հետո, երբ նա հայտարարեց, որ Գերմանիան պատրաստ է ապաստան տրամադրել նրանց, ովքեր իրականում փրկվում են պատերազմից կամ իրենց երկրներում հետապնդումներից: