Մեկնարկեց «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության բողոքի ակցիան. «Ուժին ուժով պետք է պատասխանենք»
Այս պահին Ազատության հրապարակում տեղի է ունենում սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության հանրահավաքը:
«Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը հայտարարեց, որ հավաքից հետո իրենք երթ են անելու Մաշտոց, Ամիրյան փողոցներով՝ դեպի Հանրապետության հրապարակ, Նալբանդյան, Թումանյան փողոցներով՝ դեպի կրկին Ազատության հրապարակ:
«Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Հրայր Մանուկյանն էլ հայտարարեց, որ կանգնած են երկու ճանապարհի առաջ. «Առաջինը՝ թույլ տալ, որ Սերժ Սարգսյանն անցկացնի սահմանադրական փոփոխությունները: Դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը վերարտադրելու է հենց ինքն իրեն և իր ընտանիքին և շարունակելու այն արատավոր քաղաքականությունը, ինչը մինչ այսօր արել է՝ համատարած թալան, կոռուպցիա, ձախողված արտաքին քաղաքականություն: Դա նշանակում է՝ համատարած անարդարություններ: Երկրորդ տարբերակն է՝ համախմբվել և փորձել տապալել Սերժ Սարգսյանի այդ մտադրությունը, միայն այս դեպքում հնարավոր կլինի հասնել սահմանադրական կարգի վերականգնման, գործող Սահմանադրության դրույթների գործարկման: Միայն համախմբված պայքարելու արդյունքում մենք կարող ենք հասնել այդ փոփոխություններին: Յուրաքանչյուրիցս է կախված մեր պայքարի հաջողությունը»:
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը նույնպես ելույթ ունեցավ՝ հայտարարելով, որ այս իրավիճակի մեղավորը ոչ թե Սահմանադրությունն է, այլ այն «տականքների խումբը, որը հավաքվել է ու ղեկավարում է երկիրը». «Սրանք մեր երկրի հետ որևէ կապ չունեն, ու սրանց հեռացման ճանապարհով պետք է կախվի Սահմանադրության փոփոխությունների գործընթացը: Մենք պետք է դուրս գանք փողոց, մեր երկրում հարցերը փողոցում են լուծվում, բոլորը մեկ մարդու նման պետք է դուրս գան փողոց: Մենք պատրաստ ենք բոլոր միջոցներով մեր ժողովրդին վերադարձնել իշխանությունը: Ուժին ուժով պետք է պատասխանենք, դառնանք հեղափոխական ու հեղափոխությամբ ռեժիմին հեռացնենք»: