ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է 2017թ. համար խաղարկվող գրին քարտ վիճակախաղի գրանցման շրջանի մեկնարկի մասին

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնում է, որ մեկնարկել է 2017թ. համար խաղարկվող ներգաղթային վիզաների (առավել հայտնի որպես գրին քարտ) վիճակախաղի մասնակիցների գրանցման գործընթացը: 2017թ. վիճակախաղի մասնակցության հայտերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային տարբերակով՝ 2015թ. հոկտեմբերի 1-ից, չորեքշաբթի (արևելյան ամառային ժամանակով 12։00-ից (Գրիվնիչ -4)) մինչև երկուշաբթի, 2015թ. նոյեմբերի 3-ը (արևելյան ստանդարտ ժամանակով 12:00 (Գրիվնիչ -5)): Մասնակցության հայտը լրացնելու համար պետք է այցելել www.dvlottery.state.gov կայքը վերը նշված գրանցման ժամկետներում և լրացնել օնլայն/առցանց մասնակցության հայտ: Թղթային կրիչներով հայտեր չեն ընդունվում: Մասնակիցներին խորհուրդ ենք տալիս գրանցումը չթողնել վերջին շաբաթվան: Մեծ պահանջարկը կարող է անդրադառնալ կայքի աշխատանքի վրա: Նոյեմբերի 3-ից հետո հայտեր այլևս չեն ընդունվի:

Ամենամյա այս ծրագրին մասնակցելու և վիզա ստանալու հնարավորություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է բավարարել մի շարք պարզ ու հստակ չափանիշների: Ընտրությունը կատարվում է վիճակախաղի միջոցով, որի ժամանակ համակարգիչը պատահական ընտրանքի միջոցով որոշում է շահողներին, ովքեր իրավունք են ստանում ներգաղթային վիզայի հայտ ներկայացնել: Խաղարկային այս ծրագրով պահանջվում է, որ հիմնական դիմողն ունենա միջնակարգ (ավագ դպրոցի) կամ համարժեք կրթություն կամ երկու տարվա համապատասխան աշխատանքային փորձ՝ ըստ ԱՄՆ օրենքների: Մասնակիցները կարող են առցանց հայտը լրացնել անձամբ կամ մեկ այլ անձ կարող է դա անել նրանց համար: Անկախ այն հանգամանքից, թե մասնակիցը անձամբ է ներկայացրել մասնակցության հայտը, թե ընկերոջ, ազգականի, խորհրդատուի կամ որևէ այլ անձի օգնությամբ, տվյալ անձի անունով կարող է ներկայացնել միայն մեկ հայտ: Բացի այդ, տրամադրված տվյալների ճշգրտության ու պատասխանատվության համար պատասխանատու է միմիայն մասնակիցը: Այս վիզաները բաշխվում են վեց աշխարհագրական տարածքներում, սակայն գերակշիռ մասը տրվում է այն երկրներին, որոնք ունեն ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշներ: Իսկ այն երկրների քաղաքացիները, որտեղից վերջին 5 տարիների ընթացքում ներգաղթած անձանց թիվը գերազանցում է 50.000-ը, իրավունք չունեն մասնակցել այս ծրագրին: Ոչ մի երկիր իրավասու չէ ստանալ տվյալ տարվա համար խաղարկվող վիզաների 7 տոկոսից ավելին:

Օրենքը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք իրավասու է միայն մեկ մասնակցության հայտ ներկայացնել գրանցման ամենամյա փուլում: Պետքարտուղարությունը կիրառում է առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս բացահայտել կրկնվող հայտերը: Մեկից ավելի հայտերի դեպքում մասնակիցը զրկվում է վիճակահանությանը մասնակցելու իրավունքից:

Վիճակախաղին մասնակցելու համար որևէ վճարում չի պահանջվում: Բոլորին խորհուրդ ենք տալիս անձամբ լրացնել իրենց մասնակցության հայտերը՝ առանց դիմելու «վիզաների հարցերով խորհրդատուների» կամ «վիզաների գործակալների» կամ այլ միջնորդների, ովքեր առաջարկում են իրենց օգնությունը: Եթե, այնուամենայնիվ, ինչ-որ մեկն օգնում է ձեզ, ապա հայտը լրացնելիս դուք պետք է ներկա լինեք, որպեսզի տրամադրեք ճիշտ տվյալներ և վերցնեք հայտի ստացումը հաստատող թերթիկը, որտեղ նշված կլինի հաստատման համարանիշը:

Կարևոր է գիտակցել, որ խաղարկությունում շահելը դեռ չի երաշխավորում վիզայի ստացում: Շահողները պետք է անցնեն հարցազրույց և համապատասխանեն վիզայի ստացման պայմաններին:

2017թ. համար խաղարկվող ներգաղթային վիզաների վիճակախաղին մասնակցելու պայմանների, ինչպես նաև հետաքրքրող այլ հարցերի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար տես՝ http://travel.state.gov/content/visas/english/immigrate/diversity-visa/instructions.html էջը:

Տեսանյութեր

Լրահոս