Հերմինե Նաղդալյանը հակադարձել է ադրբեջանցի պատվիրակին
Հոկտեմբերի 1-ին, ԵԽԽՎ լիագումար նիստի չորրորդ օրը` «Վեհաժողովի մոնիտորինգի գործընթացի առաջխաղացումը մեկ տարվա ընթացքում» թեմայով քննարկման ժամանակ իր ելույթում Աժ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Վեհաժողովի ուշադրությունը հրավիրեց Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումների գործընթացի վրա: Սակայն մինչ ելույթի բուն թեմային անցնելը` ԱԺ փոխխոսնակը, օգտվելով խոսքի իր իրավունքից, հարկ համարեց հակադարձել Ադրբեջանական պատվիրակության անդամներից մեկին, ով իր նախորդող ելույթում փորձել էր ցեխ շպրտել Հայաստանի վրա:
«Ամեն անգամ իրականությունը խեղաթյուրելը և աղավաղված ներկայացնելը եվրոպացիներին՝ ադրբեջանցիների հիմնական ձեռագիրն է, բայց այս անգամ ադրբեջանցին գերազանցեց ինքն իրեն և տրամաբանական բոլոր նորմերը և իրականում շատ ծիծաղելի ստացվեց, շատերը նիստերի դահլիճում ներկաներից ժպտում էին, իսկ ոմանք էլ պարզապես ծիծաղում: Եվ իրոք , գործերի այն վիճակում, որ առկա է Ադրբեջանում և որի մասին արդեն յուրաքանչյուր նիստում աղաղակում է Վեհաժողովի մեծամասնությունը ու արժանանում անգամ Վեհաժողովի նախագահի լիագումար նիստի բացման խոսքում բարձրաձայնվելուն, իսկ մարդու իրավունքների պաշտպան Մուժնիեքսի հայտարարած կարծիքը այն մասին, որ Ադրբեջանում չկա որևէ մեկը, որ համագործակցենք նրա հետ, քանի որ բոլոր մեր գործընկերները նետված են բանտերը, դարձել է Վեհաժողովի թևավոր խոսքը, այս ֆոնին որևէ մեկին մատնացույց անելու համար պետք է իսկապես շատ «ադեկվատ լինել»», – ասաց Հերմինե Նաղդալյանը:
«Ի պատասխան նշեցի, որ իրականում ադրբեջանցի պատվիրակը հստակ նկարագրել է իրավիճակը սեփական երկրում, սակայն, միտումնավոր խառնել երկրների անունները, կարծես վերջինս առնվազն լուսնի վրա է գտնվում և հեռու իր երկրում տեղի ունեցող աղաղակող իրողություններից»:
«Նրանք, ովքեր ապրում են ապակյա տան մեջ, չպետք է քարեր նետեն»,- ադրբեջանցի գործընկերոջն է ուղղել իր ռեպլիկը հայկական պատվիրակության ղեկավարը:
Անցնելով քննարկվող թեմային` տիկին Նաղդալյանը նախ շնորհակալություն հայտնեց զեկուցող, Մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ պարոն Շեննախին և Հայաստանի հարցով համազեկուցողներ պարոն Միլլին և Ֆիշերին` երկրում տեղի ունեցող զարգացումների մասին իրենց մանրակրկիտ ուսումնասիրության և վերջերս հրապարակված փաստաթղթի` Հայաստանին վերաբերող տեղեկատվական հայտագրի համար:
Հերմինե Նաղդալյանը Վեհաժողովին տեղեկացրել է, որ թե՛ համազեկուցողների փաստաթուղթը , և թե՛ ներկայացվող պերիոդիկ զեկույցը մասնավորապես, կենտրոնացած է Սահմանադրական բարեփոխումների գործընթացի վրա, որն այժմ ընթանում է Հայաստանում.
«2013 թ. ՀՀ նախագահը ստեղծեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը` օրենքի գերակայության, մարդու իրավունքների և ազատությունների նկատմամբ հարգանքի սահմանադրական երաշխիքների հետագա ամրապնդման, ուժերի պատշաճ հավասարակշռության ձեռքբերման, պետական կառավարման արդյունավետության խթանման և ամրապնդման նպատակով»:
Հերմինե Նաղդալյանը եվրոպացի պատվիրակներին հաղորդել է, որ Համազեկուցողները, վկայակոչելով Վենետիկի հանձնաժողովի գնահատականները, կարևորել են աշխատանքի բարձր որակը և Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությունը և ողջունել մասնագիտական հանձնաժողովի պատրաստակամությունը` նախագծի լրացումներում ընդգրկելու Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները:
«Սա իշխանությունների պատրաստակամության նշանն է՝ հարգելու Եվրոպայի խորհրդի իրենց պարտավորություններն ու հանձնառությունները»,- համազեկուցողներին մեջբերել է տիկին Նաղդալյանը և ընդգծել, որ ըստ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության` հիմնարար իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանադրորեն երաշխավորված են, էականորեն ավելացվել և հարստացվել են լրամշակված տեքստում և ձևակերպումները սերտորեն հետևում են ՄԻԵԴ-ին:
«Համազեկուցողները ողջունում են փաստը, որ խորհրդարանի աճող իշխանության հետ մեկտեղ Սահմանադրական բարեփոխումների նախագիծը նպատակ ունի նաև ամրապնդելու խորհրդարանում ընդդիմության սահմանադրական իրավունքները»,- նշել է տիկին Նաղդալյանը:
ԱԺ փոխնախագահը եվրոպացի իր գործընկերներին փոխանցել է հայրենի իշխանությունների համոզմունքը, որ համապարփակ սահմանադրական բարեփոխումը կարող է իրականացվել միայն հասարակության շրջանում լայն կոնսենսուսի հիման վրա և վստահեցրել, որ ողջ գործընթացը խարսխված է եղել և շարունակում է լինել թափանցիկության սկզբունքի վրա` բոլոր շահագրգիռ կողմերին ներգրավելով բաց հրապարակային քննարկումների մեջ. «Քաղաքական բոլոր կուսակցությունները կանչվել են ներկայացնելու իրենց դիտարկումները և հրավիրվել քաղաքական խորհրդակցությունների: Միևնույն ժամանակ, ակտիվ հասարակական քննարկումներ են իրականացվել բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ (փաստաբանների ու լրագրողների, հասարակական, քաղաքական, դատական ոլորտի ներկայացուցիչների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների փորձագետների)»,- տեղեկացրել է Հ. Նաղդալյանը:
Եզրափակելով խոսքը, Հերմինե Նաղդալյանը համոզմունք է հայտնել, որ սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությունը ապահովում է երկրում բարեփոխումների բացառիկ հնարավորություն, որը չպետք է բաց թողնվի և ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Եվրոպայի խորհրդին` այդ դժվարին նախաձեռնությանն աջակցության համար:
Պարոն Շեննախի զեկույցը քվեարկվել և ընդունվել է ԵԽԽՎ երեկոյան նիստում քննարկվելուց հետո: