«Բաշար Ասադի իշխանության պահպանման համար ժամանակը վաղուց անցել է». Սարգիս Գրիգորյան

«Սա որոշակի համաձայնություն է մեծ տերությունների միջև: Պատահական չէ, որ հարվածներն սկսեցին հասցվել Պուտին-Օբամա հանդիպումից հետո: Այս համաձայնության նշանների մասին են խոսում նաև այն, որ դրանից մի քանի օր առաջ գերտերությունների որոշ ղեկավար շրջանակներից որոշակի շեշտադրումների փոփոխություն նկատվեց՝ կապված Բաշար Ասադի կարգավիճակի և Սիրիայի զարգացումների հետ: Այս քայլերով Ռուսաստանը բարձրացնում է իր հեղինակությունը ոչ միայն տարածաշրջանում, այլև տարածաշրջանից դուրս»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումներին, ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ի քաղաքականությունը Սիրիայում ձախողված էր. «Այդ փաստը ԱՄՆ-ում էլ են ընդունում, որովհետև այն գումարները, որ ծախսվում էր ընդդիմադիրներին վերապատրաստելու և Բաշար Ասադի դեմ պայքարի նախապատրաստելու համար,իրենց նպատակին չծառայեցին. ընդդիմադիրներն ուղղակի լքում ու միանում էին իլամական խմբավորումներին, երբ Թուրքիայի տարածքից մուտք էին գործում Սիրիա»:

Արաբագետի կարծիքով՝ Ռուսաստանի քայլերն իրենց մեջ ուղերձ են պարունակում՝ Սիրիայի զարգացումների և սիրիական խնդրի հանգուցալուծման հետ կապված պետք է հաշվի առնեք նաև Ռուսաստանի ներկայությունը: Նա նկատեց, որ հարվածները հասցվում են հիմնականում երկրի արևմտյան և հյուսիսարևմտյան հատվածներում. «Թեև հայտարարվում է, որ պայքարը Իսլամական պետության դեմ է, բայց կարծում եմ՝ թիրախավորված են նաև ընդդիմադիր ուժերը:

Նման ռազմական օժանդակություն Բաշար Ասադի վարչակարգը երբևիցե չի ունեցել, սա իր դրական ազդեցությունը կունենա: Եթե սրան էլ գումարենք որոշակի ցամաքային գործողություններ պրոբաշարյան ռազմական ճամբարի կողմից , ապա սա նաև կարող է իրերի վերադասավորում անել սիրիական զարգացումներում և ուժային հավասարակշռությունը փոխել դեպի ներկայիս իշխանությունները»:

Ս. Գրիգորյանն ընդգծեց՝ հիմա Սիրիայում, մեծ հաշվով, երկու հակամարտող կողմեր կան՝ Սիրիական ներկայիս իշխանություններն ու իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումները: Նա նշեց, որ Ռուսաստանի հարվածները ուղղված են Սիրիայի ներկայիս իշխանության համար կենսական նշանակություն ունեցող հատվածներում, որոշ չափով, նրանց սպառնացող վտանգները ոչնչացնելու համար:

«Կարծում եմ՝ մեծ տերությունները հասկացել ու գիտակվում են, որ սիրիական հանգուցալուծման բանալին պետք է փնտրել հենց Սիրիայում, այդ բանալին փնտրելու ճանապարհին պետք է որոշակի առարկայական ներկայություն ապահովվել սիրիական հակամարտությունում, ինչը կոալիցիոն ուժերն իրականացնում են, և հիմա Ռուսաստանն է իրականացնում: Բաշար Ասադի իշխանության պահպանման համար ժամանակը վաղուց անցել է, բայց նման զարգացումները կարող են խոսել միասանական Սիրիան պահպանելու մասին:

Շատ հաճախ իսլամական խմբարումներն այս զարգացումները կապում են Աֆղանստանի զարգացումների հետ , այսինքն՝ անհավատ գերտերության զորքեր ներխուժել են արաբական երկիր և փորձում են այնտեղ հարցեր լուծել, որի դեմ պետք է համախմբվել և միահամուռ պայքարել: Սա միտված է այս ուժերին համախմբելուն և ոգեշնչելուն, որ պայքարեն նաև Բաշար Ասադի դեմ»:

 

Տեսանյութեր

Լրահոս