Բաժիններ՝

Հանրային խորհուրդը կրթության և գիտության ոլորտի խնդիրները կքննարկի Արմեն Աշոտյանի հետ

Հոկտեմբերի 1-ին կայացած Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստի օրակարգային հիմնական հարցը կապված է եղել ՀՀ հանրակրթության, բուհական համակարգի և գիտության ոլորտի խնդիրների հետ:

ՀԽ կրթության և գիտության հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղուկասյանը ՀԽ նախագահին ու խորհրդի անդամներին ներկայացրել է հանձնաժողովի կողմից նախաձեռնվող քննարկումների շարքը՝ կապված կրթության և գիտության ոլորտի խնդիրների հետ:

Ղուկասյանը հայտնել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի հետ կա պայմանավորվածություն՝ առաջիկայում այդ հարցերը քննարկել նաև համատեղ:

Ներկաները նշել են, որ ոլորտի խնդիրները Հանրային խորհուրդը բարձրացրել է դեռևս ստեղծման օրվանից, և այսօր կարելի է արձանագրել որոշ դրական փոփոխություններ ու բարեփոխումներ: Միաժամանակ ՀԽ անդամները փաստել են, որ այսօր և՛ հանրակրթական, և՛ բուհական համակարգերում, և՛ գիտության ասպարեզում առկա են բազմաթիվ խնդիրներ ու թերություններ, որոնք լուրջ մտահոգություն են ներկայացնում ողջ պետության համար:

ՀԽ անդամները ներկայացրել են նախարարի հետ կայանալիք հանդիպմանն ու օրակարգային հարցերին առնչվող մի շարք առաջարկություններ: Որոշվել է մինչ այդ հանդիպումը ՀԽ համապատասխան հանձնաժողովում իրականացնել քննարկումներ և որոշակիացնել այն հարցերի շրջանակը, որը պետք է դրվի կրթության և գիտության ոլորտի գերատեսչության ղեկավարի հետ հանդիպման առանցքում:

ՀԽ փոքր խորհրդի նիստում քննարկվել են նաև Հայաստանի ազգայնական կուսակցության նախագահ Ռուբեն Գևորգյանցի կողմից ՀՀ Հանրային խորհրդին ուղղված 2 նամակները, որոնցից մեկը վերաբերում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալու ընթացակարգին՝ մասնավորապես կապված Հայ առաքելական եկեղեցում մկրտության փաստը հաստատող փաստաթղթի պահանջի հետ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում առկա օտարալեզու՝ մասնավորապես թուրքերեն տեղանուններին և ընդհանրապես օտարալեզու անվանումներին:

ՀՀ Հանրային խորհուրդ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս