Նոր սկանդալ ՀԷՑ-ում. բացահայտումներ. ՀԺ
«Հայկական ժամանակը» գրում է. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մեր աղբյուրները հայտնում են, որ ներկայումս ուսումնասիրվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բարձրաստիճան պաշտոնյաների իրականացրած կոպիտ չարաշահումների վերաբերյալ մի դեպք։ Խոսքը ՀԷՑ իրացման գծով տնօրեն Աշոտ Թոխունցի տեղակալ, էլեկտրաէներգիայի հաշվառման և հսկման դեպարտամենտի պետ Արսեն Գաբրիելյանի չարաշահումների և խախտումների մասին է։ Ստուգող մարմինները պարզել են, որ Տավուշի մարզի Ծաղկավան գյուղում, Հախում գետի վրա գործող «Սիրարփի» փոքր ՀԷԿ-ը արտադրել է քիչ էլեկտրաէներգիա, բայց ՀԷՑ-ից ստացել է ավելի շատ գումար։
ՀԷԿ-ի արտադրած իքս ծավալի էլեկտրաէներգիան ՀԷՑ-ի վրա վաճառվել է դրա մոտ 1,5 անգամ շատ ծավալի տեղ արդյունքում մոտ 95 միլիոն դրամ գումար ստացել չարտադրված էլեկտրաէներգիայի համար։ Տեղեկություններ կան, որ դա արվել է ՓՀԷԿ-ի արտադրությունը չափող հաշվիչներում ծրագրային կեղծումներ կատարելով։
«Սիրարփի» փոքր ՀԷԿ-ը պատկանում է ՀԷՑ էլեկտրաէներգիայի հաշվառման և հսկման դեպարտամենտի պետ Արսեն Գաբրիելյանին։
Պաշտոնյան չարաշահել է իր դիրքն ու պաշտոնը ընկերության հաշվին հարստանալով։ Երբ խնդիրը բացահայտվել է, ՀԷՑ իրացման գծով տնօրեն Աշոտ Թոխունցը սույն թվականի սեպտեմբերի 10-ին գրություն է ներկայացրել իր վերադասին գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին, և վերջինիս կարգադրությամբ Արսեն Գաբրիելյանի և էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման և հսկման բաժնի պետ Ռ. Պիվազյանի աշխատանքային պարտականությունները ժամանակավորապես դադարեցվել են որպես կարգապահական պատասխանատվության միջոց։ Նրանց անգամ չեն թողնում մոտենալ ՀԷՑ գլխավոր գրասենյակին։ Ուշագրավ է, որ նման խախտումը Երկու շաբաթից ավել հայտնի է թե՛ ՀԾԿՀ-ին, թե՛ ՀԷՑ ղեկավարությանը, սակայն դրան հանրային հնչեղություն չի տրվել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: