«Բոլորը հավաքվեցին ու սկսեցին գոռալ՝ ազի՜զ…». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը զրուցել է Երեւանի կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի հետ, ով այժմ խաղում է նաեւ «Խոպանի տեսություն» սիթքոմում: Նա կարծիք է հայտնել, որ լավ է, երբ հանդիսատեսը սերիալից ճանաչելով, սիրելով դերասանին, գնում է նաև թատրոն՝ նրա խաղը դիտելու։ Անահիտը հասել է իր կերպարի մասին՝ անդրադառնալով նաեւ քննադատություններին։ Նա պատմել է ընտանիքի մասին՝ նշելով, որ խիտ գրաֆիկ ունենալով հանդերձ՝ հասցնում է տան անդամներին ժամանակ հատկացնել։
– «Խոպանի տեսություն»-ում մի քիչ հիմարիկ աղջկա կերպարն, ըստ Ձեզ, ինչո՞վ է գրավում հեռուստադիտողներին։
– «Բանակում» սերիալից հետո երբեւէ չէի պատկերացնում, որ Հայարփիի կերպարն այսքան կարող է տպավորվել մարդկանց մոտ։ Հիմա, երբ թատրոնում բեմ եմ բարձրանում, երեխաները միաձայն ասում են՝ վա՜յ, Հայարփին, այսինքն՝ նախորդ կերպարներիս «տակ չեմ մնացել»։ Ի դեպ, ես չէի ասի, թե Հայարփին հիմարիկ է, վերջերս բացահայտվել են նաեւ նրա խորամանկ կողմերը։ Ես կասեի՝ նա միամիտ է, իսկ միամտությունը միշտ էլ գրավում է մարդկանց։ Հիշենք Միստր Բինի կերպարը, որն անընդհատ ընկնում է հիմար իրավիճակների մեջ եւ իր միամտության համար տուժում է։ Բայց նա նաեւ սիրվում է, մարդկանց ուրախություն է պարգեւում։ Անձամբ ես շատ նամակներ եմ ստանում հեռուստադիտողներից, հատկապես սփյուռքի մեր հայրենակիցներից։ Մարդիկ նշում են, որ հաճույքով են հետեւում իմ խաղին։
– Թատրոնի դերասանին հաճախ հիշում են սերիալային կերպարներից, սա լա՞վ է, թե՞ վատ։
– Թատրոնի պատմության մեջ միշտ եղել են դերասաններ, հանուն որոնց հանդիսատեսը եկել է ներկայացում դիտելու եւ հետո նոր միայն սիրահարվել է ներկայացմանը։ Այսինքն՝ եթե դերասանը նպաստում է, որ մարդիկ գան թատրոն, դա միայն լավ է։
– Երեխաները, անգամ մեծահասակները, սկսել են Ձեր կերպարի բարբառով խոսել…
– Ես Աբովյան քաղաքում եմ ապրում, մի օր խանութ գնալիս հանդիպեցի 10-15 երեխայի, բոլորը հավաքվեցին, սկսեցին միաձայն գոռալ՝ ազի՜զ, նրանք եկել, փաթաթվել էին ինձ, այնքան հաճելի էր այդ ամենը։ Օրերս էլ մեկը այգում մոտեցավ ինձ, ասաց՝ մենք ԱՄՆ-ից ենք եկել, երեխաս շոկի մեջ է, չէր պատկերացնում, որ Հայաստան գալով՝ կհանդիպի Հայարփինն (ծիծաղում է)։
Իսկ ով ինձ տեսնում է իրական կյանքում, ասում է՝ Աստված իմ, դու շատ տարբեր ես քո կերպարից, ես էլ ասում եմ, որ դա ընդամենը դեր է, որը ես խաղում եմ…
– Իսկ տանը լոռեցու բարբառով խոսո՞ւմ եք։
– Երբ տուն եմ գալիս, ամուսինս ասում է՝ մոռացե՞լ ես, որ արդեն տանն ես։ Բանն այն է, որ կերպարիս մեջ մտնել- դուրս գալուց հետո խոսակցականում որոշ ելեւէջներ էլի պահպանվում են։ Քանի որ «Առավոտը Շանթում» հաղորդման շրջանակներում ուղիղ եթերում եմ լինում, ինձ վրա աշխատում եմ, որ հանկարծ եթերում այդ ելեւէջները չզգացվեն, բայց, իհարկե, կերպարը կերտելուց հետո որոշ շեշտադրություններ էլի մնում են։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: