Ռուսական ռումբերը ընկնում են բոլորի վրա, բացի ԴԱԻՇ-ից. ԱՄՆ
Սպիտակ տունը կոչ է արել Ռուսաստանին ավելի ճշգրիտ ուղղել իր ավիահարվածները Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ ու հայտնել, որ երկու երկրների միջև բանակցությունները վերաբերել են առաջին հերթին ամերիկացի օդաչուների անվտանգությանը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հիշեցնենք, որ երեկ տեղի է ունեցել տեսահամաժողով Պենտագոնի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջև Մոսկվայում, հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը:
Էռնեստն անհանգստություն է հայտնել այն բանի առնչությամբ, որ ռուսական ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցնում այն շրջաններում, որոնցում հայտնի չի եղել ԴԱԻՇ-ի զինյալների նշանակալի ներկայության մասին, փոխարենը, գործունեություն են ծավալում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զինված հակառակորդները, որոնց աջակցում է Արևմուտքը:
Ռուսական պաշտոնատար անձինք երեկ հերքել են, որ Սիրիայում ռուսական ավիացիայի գործողությունների հետևանքով սպանվում են խաղաղ բնակիչներ: Նրանք պնդում են, որ իրենց խոցած բոլոր թիրախները առնչություն ունենն ԴԱԻՇ-ի հետ:
«Սիրիական ընդդիմության դեմ ոչ ընտրողական մարտական գործողությունները վտանգավոր են Ռուսաստանի համար»,- հայտարարել է Էռնեստը:
«Դա կարող է միայն երկարաձգել Սիրիայի ներսում միջհամայնքային հակամարտությունը, ինչպես նաև ռիսկ է պարունակում այդ կոնֆլիկտում անձամբ Ռուսաստանի ներգրավվածության համար»,- հավելել է նա:
Ռուս ու ամերիկացի զինվորականների փոխհամագործակցության բանակցությունները ընթացել են ընկերական ու պրոֆեսիոնալ միջավայրում, AFP-ին հայտնել է Պենտագոնի մամլո քարտուղար Փիթեր Կուկը: