Ուշագրավ բացահայտում. «Աշոտ Սուքիասյանին ընկալում էի՝ որպես լավ քրիստոնյա, Կճոյանի հետ մոտ, որը ավետարանով քնում է ավետարանով արթնանում». ՀԺ

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված հայտնի օֆշորային սկանդալի գործով դատական հերթական նիստը: Նիստի ընթացքում ցուցմունք տվեց գործով վկա 70-ամյա ԱՄՆ քաղաքացի Արփիկ Բալյանը:

Իր ցուցմունքում  70-ամյա կինն ասաց, որ աշխատում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում՝ որպես դասախոս: Նա նշեց, որ ճանաչում է, թե’ տուժող Փայլակ Հայրապետյանին,  եւ թե՛ ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանին: «Սուքիասյանի հետ թշնամություն, բարեկամական կապ չեմ ունեցել, միայն գործնական հարաբերություններ են եղել»,-ասաց Բալյանը: Վերջինս պատմեց, որ Աշոտ Սուքիասյանը 12 մլն դոլարի վարկ է ցանկացել վերցնել Ամերիաբանկից՝ իր հանքերի բիզնեսի համար նոր տեխնիկա գնելու, ինքն էլ օգնել է՝ Սուքիասյանին, անվճար թարգմանչական ծառայություն է մատուցել:

Դատավորի հարցին, թե վկան բիզնես ծրագրին տեղյա՞կ եղել է, վկան վստահեցրեց, որ ոչ, տեղյակ չի ո՛չ հումքի քանակից, ոչ արժեքից, եւ ոչ էլ ադամանդներից: Նա դատավորին ցուցադրեց իր ձեռքերը՝ «Տեսնո՞ւմ եք, ադամանդե մատանի էլ չունեմ, որովհետեւ դա ինձ չի հետաքրքրում»:

Դատավորի մյուս հարցին, թե վարկ ստանալու հետ կապված որեւէ գույք գրավադրվե՞լ է Ամերիաբանկում, վկան պատասխանեց. «Այդտեղ էր, որ պարոն Փայլակին ճանաչեցի: Ես տեղյակ եմ, որ Աշոտ Սուքիասյանը Փայլակ Հայրապետյանի անշարժ գյույքը գրավադրել էր բանկում: Պարոն Փայլակը լիազորել էր Սուքիասյանին եւ ես այդ լիազորագիրը տեսել եւ զարմացել եմ, որ այդ չափի գույք է  գրավադրել, Փայլակ Հայրապետյանին, երբ հարցրի նա պատասխանեց, որ վստահում է»,-նշեց վկան:

Վկան ցուցմունք տալիս նաեւ ուշագրավ բացահայտում արեց: Նա նշեց, որ Աշոտ Սուքիասյանի հետ մեկնել է Կիպրոս, որպեսզի օգնի նրան Կիպրոսում ադամանդի հանքի շահագործման վերաբերյալ պայմանագրեր կնքելիս։  Այնտեղ հասկացել է, որ գործընթացին ներգրավված է եւս մեկ ընկերություն, որի վերաբերյալ փաստաթղթերում նա տեսել է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ Կճոյանի անձնագրերի պատճեները։ Արփիկ Բալյանը պատմեց, որ երբ տեսել է Սարգսյանի անձնագրի պատճեները հարցրել թե նա տեղյակ է այդ մասին, Սուքիասյանը պատասխանել է՝ ոչ: «Ես ոչ մի շահ չունեմ, պարզապես օգնություն եմ տվել անվճար, որովհետեւ վերջին 10 տարին եկել եմ հայրենիք՝ օգնելու:

Աշոտ Սուքիասյանին էլ ընկալում էի՝ որպես լավ քրիստոնյա, Կճոյանի հետ մոտ, որը ավետարանով քնում է ավետարանով արթնանում: Ինչպե՞ս կարող էի չվստահել նման մարդու»: Դատավորը կատակեց. «Բայց որ մի քիչ հարստանար, ձեզ էլ կվճարեր չէ՞ երեւի»: Վկան էլ հակադարձեց, թե վճարի պետք բնավ չուներ: Նա պատմեց, որ իր վստահությունը Աշոտ Սուքիասյանի նկատմամբ կորել է Կիպրոսում: Վկայի պատմելով՝ արդեն Կիպրոսից Հայաստան գալիս այնպես է վիճել Աշոտ Սուքիասյանի հետ, որ օդանավակայանից առանձին իր միջոցներով է գնացել տուն; Նրա խոսքով Սուքիասյանի հանդպես վստահությունը կորեց այն ժամանակ երբ Կիպրոսում ասել է, որ փաստաթղթում մի բան այն չէ, իր ասածները չեն լսել, ինքը, որպես մասնագետ, վիրավորվել է. «Ես, որպես ԱՄՆ քաղաքացի, ափսոսում եմ, որ իրեն ճանաչել եւ օգնել եմ»: Դատավորը հարցրեց, եթե ափսոսում եք, ուրեմն բավականին լցված եք, ի՞նչ է եղել, ձեր արժանիքները չեն գնահատել, դրա՞ համար եք այդպես վիրավորվել: Արփի Բալյանը պատասխանեց, որ հասկացել է՝ այնտեղ քրիստոնյա մարդ չկա ու հիասթափվել է: «Խարդախ մարդ է»,-նշեց վկան:

Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Շալիկո Փիրուզյանն էլ Արփիկ Բալյանից հետաքրքրվեց, թե նրան  հայտնի՞ էր՝ ովքե՞ր են այդ օֆշորային կազմակերպության հիմնադիր անդամները: Նա պատասխանեց, որ կային Աշոտ Սուքիասյանը, սրբազան Կճոյանը եւ Տիգրան Սարգսյանը: «Հենց Տիգրան Սարգսյանի անունը կարդացի, Աշոտին հարցրեցի՝ ինքը տեղյա՞կ է: Աշոտ Սուքիասյան ասեց՝ ոչ»: Փիրուզյանի հարցին՝ ինչո՞ւ զարմացաք հենց Տիգրան Սարգսյանի անունը կարդալով եւ ոչ Կճոյանի՝ վկան պատասխանեց, որ սրբազան Կճոյանի անունը զարմանալի չէր, որովհետեւ նա ամբողջ օրը Աշոտ Սուքիասյանի հետ էր եւ կարող էր նա լինել:

Վկային հարցեր ուղղեց նաեւ Աշոտ Սուքիասյնաի պաշտպան Յուրիկ Խաչատրյանը: Նրա հարցին, թե Կիպրոս գնացել է Աշոտ Սուքիասյանի խնդրանքո՞վ, թե՞ իր քրոջը այցելելու, որն ապրում է հենց Կիպրոսում, վկան պատասխանեց՝ «Ես իմ քրոջը այնտեղ մի անգամ եմ տեսել, մի անգամ էլ քույրս էր եկել, որ ինձ տեսնի, այլ հանդիպում չի եղել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս