
Ըստ մեղադրյալի հաղորդման՝ քննիչը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները և կեղծել պաշտոնեական փաստաթղթեր

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրյալ Ալինա Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի հոկտեմբերի 4-ին իր վարած «Միտցուբիշի կոլտ» մակնիշի ավտոմեքենայով ենթարկվել է վթարի՝ բախվելով «Զիլ 131-Ն» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով իր ավտոմեքենայի ուղևոր քաղաքացի Ռ. Ս.-ն ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Նույն օրը դեպքի վայրում զննություն կատարող ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչը, առանց դեպքի վայրի զննության արձանագրությունը լրացնելու, առաջարկել է իրեն ստորագրել դրա տակ:
Այնուհետև նույն քննիչը իր աշխատասենյակում չի թույլատրել, որ վթարից հետո համապատասխան բուժօգնություն ստանա, համոզելով վերցրել է ցուցմունք՝ կեղծելով դրա բովանդակությունը:
Ալինա Ա.-ի հաղորդման հիման վրա՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: