Դեսպան Աշոտ Սմբատյանի աշխատանքային այցը Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամաս
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն աշխատանքային այցի շրջանակներում եղել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մայրաքաղաք Մագդեբուրգում:
Այցի շրջանակներում դեսպանը հանդիպում ունեցավ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի վարչապետ Ռայներ Հազելոֆի հետ: Զրույցի ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի հետ երկրամասի համագործակցության հեռանկարները՝ հատկապես տնտեսության ու զբոսաշրջության բնագավառներում և հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ խնդիրներ: Հանդիպման ավարտին դեսպան Սմբատյանը գրառում կատարեց Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կառավարության պատվավոր հյուրերի գրքում:
Այցի ընթացքում դեսպանին հյուրընկալեց նաև Սաքսոնիա-Անհալթ երկրամասի խորհրդարանի (Լանդթագի) նախագահ Դեթլեֆ Գյուրթը: Զրուցակիցները բարձր գնահատեցին Հայաստանի և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի միջև գիտակրթական և մշակութային հարաբերությունների ներկայիս մակարդակը և կարևորեցին երկկողմ փոխգործակցության զարգացումը նաև տնտեսության բնագավառում:
Մագդեբուրգ կատարած այցի շրջանակներում դեսպանը հանդիպում ունեցավ նաև Մագդեբուրգի քաղաքապետ Լուտց Թրումփերի հետ: Քաղաքապետը գոհունակությամբ նշեց, որ արդեն առկա են երկկողմ ուսումնական փոխանակման ծրագրեր: Ընթացիկ տարում Հայաստանից ճանաչողական այցով արդեն ժամանել է դպրոցականների մի խումբ, իսկ հաջորդ տարի պատասխան այցով Մագդեբուրգից ևս խումբ է մեկնելու Հայաստան: Հանդիպման ավարտին դեսպան Սմբատյանը գրառում կատարեց Մագդեբուրգի քաղաքապետարանի հյուրերի «Ոսկե գրքում»: