Մի նախագիծը փակվում է, մյուսը` բացվում. «Առավոտ»

«Առավոտ» թերթի այօրվա խմբագրականում Արամ Աբրահամյանը գրում է. «Ի՞նչ եղավ «Նովոռոսիան»: Կարծես թե այդ եզրն այլեւս ոչ ոք չի օգտագործում։ Հաջողվե՞լ է արդյոք Ուկրաինայի տարածքում ստեղծել ռուսական հանրապետություններ։ Ոչ։ Հաջողվե՞լ է համոզել այնտեղ ապրող ռուսներին, որ իրենք ավելի լավ են ապրելու «Նովոռոսիայի» նոր իշխանությունների օրոք, որ այդ իշխանություններն ավելի մաքուր են ու անկաշառ, քան իրենց չսիրած Կիեւի իշխանությունները։ Հավանաբար, դարձյալ ոչ։ Կա՞ որեւէ արդարացում մի քանի հազար ռուսաստանցի «կամավորների», իսկ իրականում՝ զինծառայողների զոհվելու համար։ Ոչ։

Հետեւաբար, «Նովոռոսիա» նախագիծը պետք է կամաց-կամաց փակել։ «Հին» նախագծի դասերը չամփոփելով եւ քարոզչական մակարդակով հայտարարելով, որ այն հանճարեղ էր եւ «ազգափրկիչ», պետք է սկսել «նորը»՝ սիրիականը։ Հիմա էլ Ասադի զինված ընդդիմությանը հարվածելով՝ կարելի է հայտարարել, որ դրանով մարդկությունը փրկվում է «Իսլամական պետությունից»։ Դժվար թե դա իրականություն դառնա, բայց ամերիկացիների հետ քարոզչական նոր պատերազմի դաշտը պատրաստ է։ Ամերիկացիներն, իհարկե, նույնքան երեսպաշտ են՝ պնդելով, թե նրանք սկզբունքային դեմոկրատներ են եւ այդ պատճառով են ուզում տապալել Ասադի բռնապետական եւ ոչ լեգիտիմ իշխանությունը. հետաքրքիր է, իրենց բարեկամ Սաուդյան Արաբիայի ռեժիմը դեմոկրատական է եւ լեգիտի՞մ:

Բոլոր դեպքերում պարզ է, որ Ռուսաստանի ավիահարվածներից «Իսլամական պետությունը» չի վերանա, պարզապես տարբեր ուղղություններով բազմաթիվ կրակողներին եւ մահ սփռողներին տարածաշրջանում կավելանա եւս մեկը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս