
Սևանա լճում ջրահեղձ եղած երիտասարդները գնացել էին ձուկ բռնելու, փոթորիկ էր սկսվել, նավակը շուռ տվել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 25-ին Սևանա լճում ջրահեղձ եղած Դավիթ Վիրաբյանը Հայրավանք գյուղի բնակիչ էր։ Գյուղապետ Դավիթ Բադոյանից տեղեկացանք, որ 32-ամյա երիտասարդը 2 անչափահաս երեխա ուներ. «Նորաստեղծ ընտանիք էր, երեխաները 4 և 2 տարեկան են։ Հանգիստ, շփվող, ծիծաղադեմ տղա էր, ուղղակի ալեկոծություն է եղել։ Գնացել էին ձուկ բռնելու, փոթորիկ էր սկսվել ու նավակը շուռ տվել»,– ասաց գյուղապետը։
Մեր տեղեկություններով՝ երիտասարդները չորս ընկերներով են գնացել ձուկ բռնելու, բայց նավակը կասկածելի է թվացել, և երեքով են նստել, տղաներից մեկն ափում ընկերներին է սպասել։ Նավակը շուռ է եկել, երկուսը խեղդվել են, մեկին հաջողվել է հասնել ափ։ Ջրահեղձ եղած մյուս երիտասարդն էլ Արման Թևանյանն է՝ Երևանի բնակիչ։ Նա ավարտել էր Երևանի պետական համալսարանը, սննդի օբյեկտներից մեկում էր աշխատում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: