Բաժիններ՝

Այս տարի տնտեսական աճը սպասվածից մի քիչ ավելի կլինի. ԱՄՀ հայաստանյան առաքեության ղեկավար

Այս տարի տնտեսական աճը սպասվածից մի քիչ ավելի կլինի: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱՄՀ հայաստանյան առաքեության ղեկավար Մարկ Հորթոնը, ապրիլին ԱՄՀ կանխատեսած 1%-ի փոխարեն աճը կլինի 2.5%, որ մասամբ պայմանավորված է միանվագ գործոններով, որոնք հաջորդ տարի չեն կրկնվի: Նա նշեց, որ նման միանվագ գործոն է, օրինակ, պղնձի հանքի բացումը, կամ գյուղատնտեսության համար բացառիկ տարի է, ուստի՝ հաջորդ տարի ՀՀ տնտեսական աճը 2.2% են կանխատեսում: Հորթոնի խոսքով՝ կանխատեսման վերանայման համար հիմք է հանդիսացել տարվա անցած ամիսներին գրանցված աճը:

Ըստ նրա՝ տնտեսական աճի դանդաղելը պայմանավորված է բանկային ոլորտով, որի եկամտաբերությունը ցածր է և հիմնավոր է համակարգի ագրեսիվ բարեփոխումը, շուկաների և արտաքին գործընկերների դիվերսիֆիկացումը: Նա դրական գնահատեց արևելքի հետ համագործակցության մեծացումը, որը ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությանը փոխլրացնող նշանակություն կունենա:

Մ.Հորթոնը կրկնեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի տեսակետը, որ ապագայում տնտեսության հետ կապված առկա են զգալի անորոշություններ և ռիսկեր, որոնց մեծ մասը վատթարացման ուղղությամբ է: Տնտեսական աճի կառուցվածքը Հորթոնն անվանեց բավականին արտառոց՝ պղնձի հանք է բացվում և միջազգային գներն ընկնում են, ծիրանի մեծ արտահանում է եղել, այլ ոլորտներում դրությունը մտահոգություն է առաջացնում:

Հարցին՝ արդյոք հավատո՞ւմ է ՀՀ պաշտոնական վիճաագրությանը, Հորթոնը կատակեց. «Ծիրանի թիվ չենք հաշվել, հավանաբար մյուս տարի կհաշվենք»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս