«Չեմ կարծում, որ Զարուհի Փոստանջյանը «Ժառանգություն» խմբակցության վերջին «բոևիկն» է». Գագիկ Մելիքյան
««Ոչ»-ի ճակատում շատ ավելի ճիշտ կլինի՝ նախքան «ոչ» ասելը նախ ծանոթանան Սահմանադրության նախագծի բովանդակությանը և փորձեն առաջարկություններով հանդես գալ: Եթե կլինեն հիմնավոր առաջարկություններ, դրանք տեղ կգտնեն նախագծում: Սակայն «Ոչ»-ի ճակատը բացի «ոչ» ասելուց, որևէ բովանդակային առաջարկություն չի էլ կարողնանում ներկայացնել: Բովանդակային առաջարկություն ներկայացնելու համար նախ պետք է բովանդակությանը ծանոթ լինել: Իմ կողմից նման զգացողություն չկա, որ «Ոչ»-ի ճակատից որևէ մեկը սահմանադրության բովանդակությանը ծանոթացել է»,-այսօրվա ասուլիսին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ԱԱԾ-ի կողմից Զարուհի Փոստանջյանին արված զգուշացումներին, նա պատասխանեց. « Զարուհի Փոստանջյանը, նախքան նմանատիպ հայտարարություններ հնչեցնելը ԱԺ-ի բարձր ամբիոնից, պետք է մտածի, իսկ նախքան մտածելը, որպես կին և որպես հայ մայր, պետք է լինի համեստ: Պետք է չտարածվի այն տեսակետը, որ նա ընդամենը կարծիք է արտահայտել. նա ընդամենը կարծիք չի արտահայտել, այլ քանդելու, ավերելու, կռվելու կոչ է արել:
Ես, իհարկե, այն կարծիքը չեմ կիսում, որ Զարուհի Փոստանջյանը «Ժառանգություն» խմբակցության վերջին «բոևիկն» է, բայց, ամեն դեպքում, որպես մայր, որպես հայ կին, ես Զարուհի Փոստանջյանին կհորդորեի լինել համեստ և կոռեկտ և կարծիքը չփորձել կոչերի անվան տակ կապել մեր ժողովրդի վզին, և հատկապես այնպիսի կոչերի, որոնք իշխանափոխության ոչ օրինական ճանապարհ են հետապնդում: Կարծում եմ՝ ԱԱԾ-ի հայտարարությունը ադեկվատ է, տեղին, ժամանակին և բավականին արդյունավետ:
Լրագրողների դիտարկմանը, թե առաջին անգամը չէ, որ Զարուհի Փոստանջյանը իշխանափոխության կոչեր է անում, ինչո՞ւ հենց հիմա արվեց ԱԱԾ-ի հայտարարությունը, նա պատասխանեց. «Առաջին անգամն է այն առումով, որ նա քանդելու, ավերելու, սպանելու, չեմ իմանում էլ ինչ կոչեր է անում»:
Իսկ դիտարկմանը, թե հանրապետականներից ոմանք էլ ականջ կտրելու, բռնաբարելու կոչեր են անում, նա պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ դրանք հավասար են իշխանափոխության անօրինական կոչերին: Եվ կարելի է դրանք համեմատության մեջ դնել ընդհանրապես»:
Հիշեցնենք, որ Զ. Փոստանջյանը վերջերս ԱԺ-ում հայտարարել էր, թե ԱԱԾ-ի շենքը, որտեղ նաև գտնվել է Գարեգին Նժդեհը, իր պապիկը, եղբայրը, որտեղ «եղել են մեր հասարակության օրինավոր շատ քաղաքացիներ, որոնք ենթարկվել են թե՛ կտտանքների, թե՛ ապօրինությունների, Չարենցն է, վերջիվերջո, այնտեղ եղել», պետք է քանդել:
ԱԱԾ-ն, արձագանքելով Զ. Փոստանջյանի այդ հայտարարությանը, իր հերթին հայտարարություն է տարածել, որում ասվում է. «ԱԱԾ-ն միայն հիշեցնում է, որ «տապալում», «շենքերի քանդում» արտահայտությունները և նման բովանդակությամբ կոչերը ՀՀ քրեական օրենսգրքով նկարագրված հանցավոր արարքների բնութագրիչ հատկանիշներից են և այդպիսի գործողություններն ուղղակիորեն առնչվում են օրենսդրությամբ ազգային անվտանգության մարմինների առաջ դրված խնդիրներին: Ուստի ցանկացած նման կոչ՝ առավել ևս գործողություն կատարելու փորձ կկանխվի ՀՀ ազգային անվտանգության ծառայության տրամադրության տակ եղած բոլոր օրինական միջոցներով»: