Բաժիններ՝

«Լրագրողները հարց են տվել, ինքն էլ մի բան դուրս է տվել՝ իրենից անկախ». ԱԱԾ պետի նախկին տեղակալը՝ Գորիկ Հակոբյանի մասին

«Այդ փիտած ունքերով հիմարի մասին չեմ ուզում խոսել, որովհետև զզվում եմ»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ խոսելով օրերս Ադրբեջան ներգաղթած և քաղաքական ապաստան պահանջած Վահան Մարտիրոսյանի մասին՝ նման կերպ արտահայտվեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

Այնուամենայնիվ, Գ. Եղիազարյանը նշեց, որ Վահանի՝ Ադրբեջանում տված ասուլիսից հետո ինքը եկել է այն կարծիքին, որ նրան հավաքագրել են. «Որովհետև այն ամբողջ հարցաշարը, որ տրվում էր նրան, և սրա պատասխանները, դրանք հայի պատասխաններ չէին, այլ օտարերկրյա գործակալի, շան որդու պատասխաններ էին: Նույնիսկ այն հարցերի մասին, որոնց մասին ես բազմիցս խոսել և արտահայտվել եմ շատ խիստ, որ ինքը պատասխանում էր, իմ զզվանքը գալիս էր, թե սա ինչպես է կարողանում մեր թշնամու տանը մեր մասին այդպես խոսել: Երբ ես ձեզ հետ խոսում եմ, սա մի բան է, իսկ այնտեղ խոսելը, դավաճանություն ասածը, շատ մեղմ բառ է»:

168.am-ի հարցին, թե՝ ըստ Ձեզ՝ Վահանի հետ ի՞նչ կլինի, Գ. Եղիազարյանն այսպես պատասխանեց. «Նա այն իրերից է, որոնք մեկ անգամվա օգտագործման ժամկետ ունեն, որից հետո դեն են շպրտում»:

Մեր ճշտող հարցին՝ կսպանե՞ն նրան, Գ. Եղիազարյանն այսպես արձագանքեց. «Չէ, հարկավոր չէ, ինչի՞ են սպանում, վերցնում ու դեն են շպրտում»:

Անդրադառնալով նաև ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի այն հայտարարությանը, որ յուրաքանչյուրն էլ հանգիստ կարող է հատել ադրբեջանական սահմանը՝ Գ. Եղիազարյանն ասաց. «Լրագրողները հարց են տվել, ինքն էլ մի բան դուրս է տվել՝ իրենից անկախ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս