
Փոլ Գեթթիի թանգարանն ու Հայ առաքելական եկեղեցին համաձայնության են եկել 13-րդ դարի Զեյթունի ավետարանի շուրջ

Լոս Անջելեսում երեկ համաձայնությամբ է ավարտվել Ջ. Փոլ Գեթթիի ու Հայ առաքելական եկեղեցու արևմտյան թևի միջև ձգվող երկարատև իրավական վեճը, որը վերաբերում էր 13-րդ դարի հայկական ավետարանին:
Ինչպես հայտնում է Art Newspaper-ը, թանգարանն ընդունել է, որ եկեղեցին է 8 նկարազարդված էջերի օրինական սեփականատերը: Եկեղեցին, իր հերթին, խոստացել է էջերը նվիրաբերել թանգարանին:
Գեթթի թանգարանն, իր հերթին, խոստացել է վճարել եկեղեցու դատական բոլոր ծախսերը՝ կապված 2010 թվականին ներկայացված դատական հայցի հետ:
Փաստաբան Լի Բոյդը, ով ներկայացնում էր Հայ առաքելական եկեղեցու արևմտյան թևի շահերը, Los Angeles Times-ի հետ զրույցում ասել է, որ տվյալ համաձայնությունը Հայոց Ցեղասպանության ժամանակ կորած արվեստի ստեղծագործության վնասի փոխհատուցման (իրավունքների վերականգնման) առաջին դեպքն է:
Հայցի նպատակն էր եկեղեցու սեփականության իրավունքի վերականգնումն ու Հայոց ցեղասպանության ժամանակ ձեռագրի հափշտակության փաստի արձանագրումը:
Զեյթունի ձեռագիր ավետարանի մի հատված՝ բաղկացած 8 էջից, գտնվում էր Գեթթիի հավաքածուում 1994 թվականից, երբ թանգարանն այն ձեռք բերեց 1,5 մլն դոլարով:
Ավետարանը ծաղկել է հայ մանրանկարիչ Թորոս Ռոսլինը: Այն նրա ամենավաղ ստեղծագործություններից է: Գրքի հիմնական մասը գտնվում է Մատենադարանում:
Գրքի էջերը պոկվել էին Ցեղասպանության ժամանակ: