Ստեփան Սաֆարյանը կարծում է՝ Վահան Մարտիրոսյանին վերացնելու են
«Հատկապես ասուլիսը դիտելուց հետո՝ իմ տպավորությունն այն է, որ Վահանի հետ աշխատել են Ադրբեջանի հատուկ ծառայությունները, թե երբվանի՞ց՝ ես չեմ կարող ասել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով օրերս Ադրբեջանում քաղաքական ապաստան խնդրած հայազգի Վահան Մարտիրոսյանի մասին՝ նման տեսակետ հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Ս. Սաֆարյանի համար ակնհայտ է, որ Վահան Մարտիրոսյանը հաճույքով ուղղակի անում էր դա.
«Նրան չեն ծեծում, նրան չեն պարտադրում, ինչպես պարտադրում էին Հակոբ Ինջիղուլյանին և մյուսներին, Վահանը դա անում է կամովին, Վահանը դա արել է բավականին նախապատրաստված և շատ վարժ, հետևաբար՝ հարց է ծագում, արդյոք որևէ երկիր ազատության մեջ կթողնի՞ մի մարդու, որն արդեն գիտի՝ ինչպես են Ադրբեջանի հատուկ ծառայություններն աշխատում, և արդյոք նա թույլ կտա՞, որպեսզի Վահանը հայտնվի ազատության մեջ ու որևէ իրավիճակում պատմի այդ ամենի մասին:
Ես կարծում եմ՝ Վահանին վերացնելու են: Չեմ կարծում, որ Վահանին կվերացնեն Բաքվում, բայց ինքս իմ կանխատեսումներն ունեմ այն կտրվածքով, որ նրան կտեղափոխեն երրորդ երկիր, ու դրա համար առավելապես հարմար է Թուրքիան, և կվերացնեն մի դժբախտ պատահարի արդյունքում»:
Անդրադառնալով նաև Վահան Մարտիրոսյանի՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) հետ ունեցած ընդհարման մասին արած հայտարարություններին՝ Ս. Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ այդ շրջանում ուղղակի Վահանին պետք էր լուրջ «ալիբի» ստեղծել և նաև հենք, որ իբր ինքը քաղաքական, հասարակական գործիչ է ու լուրջ առճակատման մեջ է իշխանության հետ.
«Որովհետև մնացած պատմությունները Վահանին բացարձակապես որևէ քաշ, կշիռ չէին հաղորդում: Չկար որևէ ակնառու փաստ, որ Վահան Մարտիրոսյանին հետապնդում են, ո՞վ էր հավատալու նրան: Բայց ահա՛ Մհեր Սեդրակյանը, որից հեռու չէ ծեծելը, և որևէ մեկը կասկածի տակ չէր դնում այդ փաստը: Նույնիսկ սոցիալական ցանցերում էլ շատերը գտնվեցին, որ մեղադրեցին Մհեր Սեդրակյանին, իշխանություններին, որ, եթե ժամանակին դեպքը պարզված լիներ, Վահանն այդ քայլին չէր գնա»:
Հիշեցնենք, որ Վահան Մարտիրոսյանը մեղադրում էր Մհեր Սեդրակյանի թիկնազորին՝ իրեն և իր կնոջը ծեծելու մեջ: