Ինձ համար ռիսկային էր՝ հայտնվել կատակերգական ժանրում. Սոս Ջանիբեկյան. tert.am
Վերջին գեղարվեստական ֆիլմը, որին մասնակցություն է ունեցել դերասան Սոս Ջանիբեկյանը, «Հյուսիս-Հարավ»-ն էր, որն արդեն մեծ էկրաններին է։ Tert.am-ի հետ զրուցում դերասանը ներկայացրեց ապագա ծրագրերը և տեղեկացրեց, որ այժմ նկարահանվում է «Դոմինո» սիթքոմում։
-Սո՛ս, ծնվել, մեծացել եք արվեստագետների ընտանիքում, ինչպիսի՞ մանկություն եք ունեցել, ի՞նչ դրվագներ կպատմեք Ձեր մանկական հուշերից։
-Հպարտությամբ կարող եմ ասել, որ շատ լավ մանկություն եմ ունեցել, բակում՝ լավ ընկերներ, տանը՝ արվեստագետ ծնողներ։ Մանկությունս անցել է «Օպերա»-ի բակում, որտեղ խաղացել, կռվել, մեծացել եմ։
-Վերջերս կորցրիք Ձեր հայրիկին. սովորաբար հայրը արու զավակի համար կրկնօրինակման մոդել է հանդիսանում և մեծ դեր ունենում նրա ձևավորման հարցում։ Ի՞նչ դեր է ունեցել Կարեն Ջանիբեկյանը Ձեր ձևավորման-դաստիարակման հարցում։
-Հորս հետ եղել ենք ընկերներ, եղբայրներ, միշտ կիսվել ենք մեր խնդիրներով, փոխանակվել խորհուրդներով։ Որպես տղամարդ՝ իմ հասունացման ու կայացման մեջ նա ունեցել է ամենամեծ դերը։ Ասում են՝ տղաները միշտ ցանկանում են նմանվել իրենց հայրիկին, սակայն ես կարծում եմ, որ դեռ շատ ճանապարհ պետք է անցնեմ նրան նմանվելու համար ու, ի վերջո, երևի թե չկարողանամ էլ նմանվել։ Նա շատ գունավոր մի երևույթ էր, որին նմանվելու համար մեծ տաղանդ ու ուժ է հարկավոր։
-Լինելով տաղանդավոր դերասանի որդի՝ համարո՞ւմ եք ձեզ տաղանդավոր։
-Եթե ժողովուրդը հորս էր համարում տաղանդավոր, ապա ես տաղանդավոր լինելուց մի քանի աստիճան ներքև եմ։
-Մոտ ապագայում ի՞նչ նորություններով եք հանդես գալու՝ նոր ֆիլմեր, նախագծեր։
-Վերջին գեղարվեստական ֆիլմը, որին մասնակցություն եմ ունեցել, «Հյուսիս-Հարավ»-ն էր, որն արդեն մեծ էկրաններին է։ Հիմա նկարահանվում եմ «Դոմինո» սիթքոմում։ Փոքր-ինչ ռիսկային էր ինձ համար՝ հայտնվել կատակերգական ժանրի մեջ, քանի որ ես միշտ նկարահանվել եմ դրամաներում, բայց հեռուստադիտողների արձագանքից ելնելով՝ կարող եմ ասել, որ ընդունվեց։
Հարցազրույց ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: