Մեկնարկում է Պետական կամերային երաժշտական թատրոնի 27-րդ թատերաշրջանը
2015թ. սեպտեմբերի 18-ից կմեկնարկի Պետական կամերային երաժշտական թատրոնի 27-րդ թատերաշրջանը՝ ամբողջովին նորացված, թարմացված տեխնիկական խաղացանկային և դերասանական կազմով: Այս մասին այսօր հայտնեցին մամուլի ասուլիսի ընթացքում, որին մասնակցում էին Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանը և գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը:
Թատրոնում կատարված վերջին մեկ տարվա վերակառուցման աշխատանքների մասին խոսելիս Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը հայտնեց, որ գերատեսչության այս տարվա գերակա ուղղություններից մեկը եղել է թատերարվեստի նկատմամբ ուշադրության դրսևորումը, առաջին հերթին՝ թատրոնների ոչ միայն ստեղծագործական, այլև տեխնիկական վերազինման խնդիրների իրականացումը. «Այս թատրոնի մասնակի վերանորոգման և վերազինման հարցերն էին, որ այս տարի թատրոնի ղեկավարության և նախարարության հետ միասին փորձեցինք իրականացնել: Եթե հիշում եք, թատրոնի նախկին վիճակը, մեղմ ասած, ոչ բարվոք էր: Դա պատճառ էր հանդիսանում նաև ստեղծագործական խնդիրների ոչ պատշաճ կատարման, որովհետև այդպիսի պայմաններում դժվար է բեմադրել և հանրությանը ներկայացնել որակյալ և մրցունակ թատերական ներկայացումներ, և ահա մենք ձեռնամուխ եղանք այս գործի լիարժեք կատարմանը»:
Թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանը լրագրողներին ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց կատարված աշխատանքները: Ընթացիկ տարում Պետական կամերային երաժշտական թատրոնի վերջին տասնամյակի պատմության մեջ առաջին անգամ իրականացվել են երկու կարևոր ծրագրեր, որոնք ամբողջովին փոխել են թատրոնը ոչ միայն՝ արտաքնապես, այլև՝ բովանդակային առումով: Կատարված աշխատանքներն ու փոփոխությունները նորացված թատրոնում ոչ միայն աշխատանքային բարենպաստ պայմաններ են ստեղծել ամբողջ անձնակազմի համար, այլև այն ավելի գրավիչ և ակնահաճո են դարձրել հանդիսատեսի համար:
Նորացված թատրոնն ունի նոր տնօրեն և նոր գլխավոր ռեժիսոր, թարմացված է նաև դերասանական կազմը: Նախկինում իրականացված մասսայական կրճատումներին ներկա գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը չցանկացավ անդրադառնալ: Նրան անհասկանալի թվաց նաև լրագրողների անդրադարձը թատրոնի նախկին ադմինիստրացիոն խնդիրներին.
«Ես ուզում եմ միայն առաջ նայել և խոսել ապագա ծրագրերի մասին: Այն, ինչ եղել է անցյալում, կարծում եմ՝ անիմաստ է քննարկել այսօր, դրանից որևէ բան չի փոխվելու: Ուրախ եմ տեղեկացնել, որ թատրոնը վերադառնում է իր կոչմանը՝ կամերային երաժշտական բովանդակությանը, իսկ թե ինչու էր նախկինում խաղացանկն ու առհասարակ բովանդակությունը շեղվել բնական ընթացքից, դա միգուցե այդ ժամանակաշրջանի հրամայականն էր: Ամեն դեպքում, ժամանակը ցույց տվեց, որ այս թատրոնը ստեղծված է ու պետք է գործի ու զարգանա՝ որպես երաժշտական կամերային թատրոն»,- ասաց Արմեն Մելիքսեթյանը:
Լրագրողի հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ նա ժամանակին հեռացավ թատրոնից, որի ստեղծման հիմքերում հենց ինքն էր կանգնած, ռեժիսորը գերադասեց լռել: Հարցին պատասխանեց Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը. «Միայն այն փաստը, որ Մշակույթի նախարարությունը տարիներ անց այս թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում կրկին ցանկացավ տեսնել Արմեն Մելիքսեթյանին, կարծում եմ, սա արդեն ձեր հարցի պատասխանն է»:
Այնուամենայնիվ, սեպտեմբերի 18-ից կմեկնարկի Պետական կամերային երաժշտական թատրոնի 27-րդ թատերաշրջանը, և մինչև տարեվերջ կլինեն նաև մի քանի նոր ներկայացումներ: Այսպես հավաստիացնում է թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը: