
Դեպի Եվրոպա է շարժվում 35 մլն փախստական. Հունգարիայի ԱԳՆ

Եվրոպական երկրները պետք է ամրացնեն իրենց սահմանները, քանի որ մայրցամաք է ուղևորվում 30-35 մլն փախստական: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն:
Սիյարտոյի խոսքով՝ Եվրամիության երկրներն անտեսում են ակնհայտ անհրաժեշտությունը՝ ամրապնդել սահմանները ու իրերն անվանել իրենց անուններով:
Նա մեղադրել է իշխանություններին, որ նրանք գործում են «միջազգային ԶԼՄ-ների կեղծ հաղորդագրությունների հիման վրա»: Ընդ որում՝ Հունգարիայում պատկերացնում են, որ Եվրոպան չի կարող ապաստան տրամադրել հարյուր հազարավոր կամ միլիոնավոր տնտեսական ներգաղթյալներին:
«Մենք կարող ենք ղեկավարել ճգնաժամը, եթե միայն աջակցենք ու ուժեղացնենք Շենգենյան ռեժիմը»,- նրա խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն:
Սեպտեմբերի 15-ից Հունգարիայում ուժի մեջ են մտել փոփոխությունները, որոնց համաձայն՝ սահմանին վերահսկողությունը զգալի ուժեղացվել է: