«Գուցե լավ էր, որ հայտարարություն չարեցին, շատ հնարավոր է՝ այն լիներ հակահայկական». Ա. Արշակյան

Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օրերս մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, որտեղ նախագահը խոսել էր նաև սահմանի լարված իրավիճակի մասին, բայց դրանից հետո համատեղ հայտարարություն և գնահատականներ չեղան:

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը գտնում է, որ Հայաստանն ունի անվտանգության երկու գործոն. մեկը՝ հայրենաբնակ հայերն են, մյուսն էլ՝ աշխարհում սփռված հայերը, իսկ զինվորական միավորումները բարեգործական կազմակերպություններ չեն, «ոչ ոք ուրիշի համար իր արյունը չի թափի»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ա. Արշակյանը նշեց, որ մենք պետք է հեռանանք այն ստերեոտիպից, որ «մենք անշահախնդիր եղբայրությունով ձուլված դաշնակից ժողովուրդներ ենք». «Ունենք շահեր, նրանք նույնպես ունեն շահեր: Երբ մեր և Ղազախստանի շահերը համընկնեն, մենք համատեղ հայտարարություններ կանենք: Եթե մեր շահերը չեն համընկնում, ինչո՞ւ պետք է նրանք աջակցեին մեզ: Գուցե լավ էր, որ հայտարարություն չարեցին, շատ հնարավոր էր, որ այդ հայտարարությունը լիներ հակահայկական, հնարավոր է, որ մենք շահած ենք դուրս եկել, որ այդ կազմակերպությունը հակահայկական հայտարարություն չի արել»:

Հարցին էլ՝ այդ դեպքում ի՞նչ ենք անում մենք ՀԱՊԿ-ում, երբ նման զրահատեխնիկա է օգտագործվում, ու ոչ մի արձագանք չկա, Ա. Արշակյանն այսպես պատասխանեց. «Մենք երկու տարբերակ ունենք. մեկը՝ այն, որ դա մարող Սովետական Միության անվտանգության համակարգն է, մյուսն էլ այն է՝ իսկ մենք ի՞նչ կարող ենք անել, մենք այնտեղ կամավոր չենք հայտնվել, մենք ի վիճակի չենք ինքներս այդ իմպերիաների կռվի մեջ վճռական գործոն լինելու»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս