
«Ես գոհ եմ կառավարությունից, քանի որ կարող էր էլեկտրաէներգիան ավելի շատ թանկանալ». Ալեքսան Պետրոսյան

ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) վստահ է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետևանքով Հայաստանում գնաճն անխուսափելի է: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ա.Պետրոսյանը հայտարարեց, որ իրեն պատկանող ՄԱՊ գործարանի արտադրանքն առաջիկայում նույնպես կթանկանա:
«Այսօրվա դրությամբ դեռևս թանկացման չենք գնացել, բայց դա սպասվում է: Եթե մի բան թանկանում է, խնդիրը ո՞րն է՝ թանկ ես սկսում վճարել: Ինչքան որ հոսանքը թանկանում է, այդքանով էլ ապրանքը կթանկանա: Դա չի կարող չբերել գնաճի: Մենք չենք գնում թանկացման, ապրանքի ինքնարժեքն է թանկանում, դա տնտեսագիտություն է»,- ասաց Ա.Պետրոսյանը:
Նա նշեց, որ պետք է հաշվարկեն թանկացման չափը. «Գործարարների համար թանկացումը հաճելի չէ, բայց պետք է հաշվի առնել, որ կառավարության ու երկրի հնարավորություններն այսքան են: Բայց ես գոհ եմ կառավարությունից, քանի որ կարող էր էլեկտրաէներգիան ավելի շատ թանկանալ: Իր հնարավորության սահմաններում կառավարությունն աշխատում է: Ամբողջ կյանքն է թանկանում, ամբողջ աշխարհն է թանկանում: Ալյասկան վաճառել են 7 մլն-ով, էսօր 7 մլն-ը մի հատ ավտո արժի: Դուք պատկերացրեք ինչքան է թանկացել աշխարհը: Մենք պետք է պատրաստ լինենք: Թանկացումից չպետք է վախենալ, պետք է այնպես անել, որ մարդկանց կենսամակարդակը բարձրանա, որպեսզի թանկացումը չհարվածի մարդկանց»: