Բաժիններ՝

Ծովում խեղդված սիրիացի փոքրիկի հայրը «սարսափելի» է անվանել Charlie Hebdo-ի կողմից արված իր որդու ծաղրանկարները

Էգեյան ծովում խեղդված սիրիացի 3 տարեկան տղայի հայրը՝ Աբդուլլա Քուրդին, «սարսափելի» է անվանել ֆրանսիական երգիծական Charlie Hebdo ամսագրի ծաղրանկարները, որոնք պատկերում էին երեխային, նաև հերքել, որ ինքը զբաղվել է Եվրոպա փախստականների անօրինական տեղափոխմամբ:

«Բառերով չեմ կարող արտահայտել, թե որքան վշտացա, երբ լսեցի այդ մեղադրանքները: Եթե ես մաքսանենգ լինեի, արդյոք այդպես կվարվեի իմ ընտանիքի հետ: Մի՞թե կհամարձակվեի իմ երեխաներին ու կնոջն ուղարկել այդ ճանապարհորդությանը: Եթե ես իմանայի, որ դա այքան վտանգավոր է, երբեք չէի համարձակվի նրանց նստեցնել այդ նավակը:

Մի՞թե մարդ կարող է իր երեխաներին, իր սիրած ընտանիքը ուղարկել մահվան գիրկը: Եթե ես լինեի մաքսանենգ, ապա Եվրոպա կփախչեի կատարվածից անմիջապես հետո, որպեսզի խուսափեմ հետապնդումից: Մինչ այդ, ես փորձում եմ գտնել այն մաքսանենգների հետքը, ովքեր համաձայնել են մեզ տեղափոխել: Ես պայքարում եմ, որ նրանք պատժվեն դատական կարգով»,- հայտարարել է Քուրդին Sputnik-ին տված հարցազրույցում:

Նա հայտնել է, որ «հրաժարվել է ընդունել մի շարք երկրների՝ քաղաքացիություն տրամադրելու վերաբերյալ առաջարկները»:

«Հիմա ես Էրբիլում եմ (Իրաք): Կփորձեմ օգնել լուծել տեղի փախստականների խնդիրները, մի քանի օրից կգնամ Ստամբուլ, այնտեղից նորից Քոբանի»,- ասել է Քուրդին:

Մեկնաբանելով Charlie Hebdo-ի ծաղրանկարները, որոնք պատկերել էին իր որդուն, նա հայտարարել է, որ այդ սարսափելի նկարները շոկի են մատնել ոչ միայն իրեն, այլև ողջ աշխարհի բազմաթիվ մարդկանց:

Հիշեցնենք, որ ծաղրանկարներն առաջացրել են հասարակության վրդովմունքը: Ամսագրի շապիկին պատկերված է մահացած երեխան ու կից կա գրություն՝ «Նպատակին այդքան մոտ»: Հարևանությամբ երևում է արագ սննդի ռեստորանի գովազդ հետևյալ խոսքերով. «Երկու մանկական մենյու մեկի գնով»:

Երկրորդ ծաղրանկարը՝ «Ապացույց, որ Եվրոպան քրիստոնեական է» գրությամբ, պատկերում է ջրի վրայով քայլող Հիսուսին ու խեղդված երեխային: Ծաղրանկարին կից կա «Քրստոնյաները քայլում են ջրի վրայով, իսկ մուսուլման երեխաները խեղդվում են» գրությունը:
Սոցցանցերի օգտատերերը քննադատությունների տարափ են տեղացել ամսագրի հասցեին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս