Լևոն Զուրաբյանը՝ Գալուստ Սահակյանին. «Դուք փորձում եք կազմակերպել դավադրություն ժողովրդի թիկունքում»
Այսօր ԱԺ նիստում օրակարգի հաստատման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե հաշվի առնելով, որ այս նիստերի օրակարգի գլխավոր հարցը նոր Սահմանադրության հարցն է, որը բախտորոշ նշանակություն ունի մեր ժողովրդի և պետականության համար, քաղաքացիները պետք է առավելագույնս տեղեկացված լինեն քաղաքական ուժերի փաստարկներին, ՀԱԿ անունից առաջարկեց սահմանադրական փոփոխությունների քննարկումը ուղիղ եթերով հեռարձակել և այդ որոշումը քվերակության դնել:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ուղիղ եթերով հեռարձակելու համար ժամանակ ու ֆինանսական ռեսուրսներ են պետք, դրա անհրաժեշտությունը չկա:
«Ձեր պատասխան այլ կերպ, քան մերժում մեր առաջարկին չենք կարող ընդունել, ինչը նշանակում է, որ Դուք փորձում եք կազմակերպել դավադրություն ժողովրդի թիկունքում: Այսինքն՝ դուք վախենում եք ժողովրդի կարծիքից»,- հայտարարեց Լ.Զուրաբյանը:
Ըստ նրա՝ եթե իսկապես վախենալու բան չունենային, քվեարկության կդնեին առաջարկը: Զուրաբյանի խոսքով՝ առանց քննարկման, առանց թափանցիկ ներկայացումների, հերթական դավադիր քայլն է արվում ժողովրդի թիկունքում:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ կազմվել է նախագիծ, որը կապ չունի ազգային շահի հետ. «Այստեղ Սերժ Սարգսյանի փաստաբաններն են, որոնք փորձում են երկարաձգել Սերժ Սարգսյանի իշխանավարումը, փոխանակ նրա իմփիչմենթի հարցը քննարկվեր և գնահատական տրվեր այս տարիների ընթացքում նրա գործունեությանը»:
Նա խնդրեց հանրությանը հետևել ԱԺ-ում ընթացող բոլոր քննարկումներին, թե ով ինչ է խոսում ու լծվեն աշխատանքին, որ Սերժ Սարգսյանին հեռացնեն պաշտոնավարումից, իշխանափոխությունը լինի, ժամանակավոր կառավարություն ստեղծվի և արդյունքում ընդունվեն օրենքներ՝ հանուն ժողովրդի:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կարգադրեց անջատել Զ.Փոստանջյանի խոսափողը, ու հայտարարեց, որ նիստն ուղիղ հեռարձակվում է, պետք չէ խեղաթյուրել ու թյուրիմացության մեջ գցել մարդկանց:
Լ.Զուրաբյանը նշեց, որ այս փոփոխություները ունեն մի նպատակ՝ սպասարկել որոշ շահեր: