«Ինձ համար հպարտություն է հայ լինելը». դիզայներ Տիգրան Ալբերտի
Մեր հայրենակից դիզայներ Տիգրան Ալբերտին, ով ապրում և ստեղծագործում է միանգամից երեք քաղաքներում՝ Սոչի, Մոսկվա, Շանհայ, 168.am-ի հետ զրույցում ներկայացրեց իր` «Tigran Alberti» բրենդի անվան առաջացման և նախաձեռնած բիզնեսի հաջողության գրավականի պատմությունը: Տիգրան Ալբերտին հագուստի և կոշիկի մոդելավորմամբ զբաղվում է 2010 թվականից և արդեն իսկ հասցրել է ձեռք բերել ճանաչում բոլոր նրանց մոտ, ովքեր, ինչպես Տիգրանն է նշում՝ սիրում և ցանկանում են լինել յուրօրինակ: «Իմ հաճախորդների ցանկում են տարբեր խավի ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ աստղեր և բիզնեսմեններ»,- նշում է Տիգրանը: Մեր հարցին, թե ինչո՞ւ է ներկայանում՝ որպես Տիգրան Ալբերտի, դիզայները պատասխանեց. «Ոչինչ հորինված չէ: Տիգրան Ալբերտի-ն իմ իսկական անուն հայրանունն է: Ես Ալբերտի տղան եմ»:
– Տիգրան, որքա՞ն ներդրում է անհրաժեշտ նման բիզնես ձեռնարկելու համար:
– Ես 2010թ. եմ զբաղվում կոշիկի դիզայնով: Ինչ վերաբերում է, թե որքա՞ն գումար է անհրաժեշտ այս բիզնեսը սկսելու համար, ասեմ, որ՝ ոչ այդքան մեծ: Գլխավորը՝ սիրել այն գործը, որով զբաղվում ես:
– Ի՞նչ նյութերով եք աշխատում:
– Կաշվով:
– Ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:
– Կարծում եմ՝ ճաշակն ու օրիգինալությունը:
– Որքա՞ն արժեն Ձեր ստեղծած ամենաթանկ կոշիկները:
– 84.000 ռուբլի:
– Դուք միայն դիզայներակա՞ն, թե՞ նաև կոշիկ կարելու ընթացքին եք մասնակցում:
– Մասնակցում եմ սկզբից մինչև վերջ տարվող բոլոր պրոցեսներին:
– Միայն կոշիկի դիզայնո՞վ եք զբաղվում:
– Ոչ միայն: Նաև հագուստով:
– Փորձե՞լ եք ներկայանալ նաև հայկական շուկայում:
– Շուտով:
– Դուք ապրում և ստեղծագործում եք՝ հանո՞ւն…
– Հանուն գեղեցկության:
– Ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար այն զարդանախշը, որն ընտրել եք՝ որպես Ձեր անունը կրող ապրանքանիշի սիմվոլ:
– Հայ ժողովրդի պատմության և տաղանդի մասին պատմող խալիների և կարպետների նախշն է հանդիսանում այդ սիմվոլը: Մեր ազգի պարծանքն ու ապացույցն առ այն, որ մենք ամենազարգացած առաջին ժողովուրդներից մեկն ենք եղել: Ինձ համար հպարտություն է հայ լինելը: