Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդ-ի ճաշացանկը 63 տարվա ընթացքում չի փոխվել. ինչ է սիրում ուտել նա
Թագավորական նախկին շեֆ-խոհարար Դարեն Մաք-Գրադին պատմել է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդ-ի համային նախասիրությունների մասին: Վերջինս Բուքինգհեմյան պալատում աշխատել է ավելի քան 10 տարի, իսկ մինչ այդ պատասխանատու էր Քենինգսթոնյան պալատի սեղանի համար, որտեղ բնակվում էին արքայադուստր Դիանան ու նրա որդիները, գրում է 7days.ru-ն:
Մաք-Գրադիի խոսքով՝ «Էլիզաբեթ 2-րդի կյանքում շատ բան է փոխվել, միայն թե՝ ոչ նրա ճաշացանկը»: Նա հայտնել է, որ թագուհին «ուտում է, որպեսզի ապրի, այլ ոչ թե՝ հակառակը»: Նա երբեք չի եղել համադամասեր ու սննդի հարցում չափազանց պահանջկոտ: Թագուհին միշտ նախընտրել է սեզոնային բանջարեղեններ ու մրգեր: Օրինակ՝ նա հաճույքով ուտում է Շոտլանդիայի Բալմորալ դղյակի այգու ելակը, բայց այն ոչ մի դեպքում չի ուտի ձմռանը:
Պարզվում է՝ Էլիզաբեթ 2-րդը շատ է սիրում կարագ ու սերուցք, սակայն, քանի որ հետևում է իր կազմվածքին, իրեն «ճարպոտ» ուտեստներ թույլ է տալիս միայն ճանապարհորդությունների կամ ընդունելությունների ժամանակ, երբ հարկավոր է ուժ ու էներգիա ծախսել:
Սովորաբար նա նախընտրում է ուտել, երբ մենակ է կամ ընտանեկան նեղ շրջանակում, պարզ սնունդ, օրինակ՝ սալաթ ճտի մսերով՝ պատրաստված գրիլի վրա:
Թագուհին շատ կարգապահ է ու ոչ քմահաճ: Առանձնապես կարևորություն չի տալիս, թե ինչ գարնիր է առաջարկում շեֆ-խոհարարը՝ կարտոֆի՞լ, պաստա՞, թե՞ բրինձ:
Նրան ու ամուսնուն՝ արքայազն Ֆիլիպին, ամեն օր ներկայացնում են ճաշացանկի 2 տարբերակ՝ հաստատելու համար: Թագուհին ձեռքով նշում է այն, ինչ իրեն դուր է գալիս, հաճախ ինքն է որևէ ուտեստ ավելացնում, հատկապես, եթե գիտի, թե ճաշին իր հյուրերն ինչ են նախընտրում ուտել: