ԼՂՀ ՀԾՏՄԿ պետական հանձնաժողովը էլեկտրաէներգիայի նոր սակագներ է սահմանել
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովն այսօր կայացած նիստում, քննարկել և միաձայն հաստատել է «Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը՝ սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի նոր սակագներ սահմանելու մասին:
Որոշման համաձայն, մասնավորապես սահմանվել են «Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի հետևյալ սակագները` 35 կՎ և բարձր լարմամբ սնվող սպառողների համար` 40 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, 6(10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար` 46 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, 0.38 կՎ լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար` 49 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը. գիշերային սակագին` 44 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
Նույն որոշման համաձայն, սահմանված գիշերային սակագինը հաշվարկվում է սպառողի մոտ բազմասակագնային էլեկտրոնային առևտրային հաշվառքի սարքի առկայության դեպքում և գործում է`
1) ժամը 22.00-ից մինչև ժամը 06.00-ն` յուրաքանչյուր տարվա մարտ ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 02.00-ից մինչև հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 03.00-ն:
2) ժամը 23.00-ից մինչև ժամը 07.00-ն` յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 03.00-ից մինչև մարտ ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 02.00-ն: Որոշումն ուժի մեջ կմտնի ընթացիկ տարվա հոկտեմբերի 12-ից:
Հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել իր նախորդ որոշումը՝ «Արցախէներգո» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները սահմանելու մասին:
Ինչպես նշել է ԼՂՀ ՀԾՏՄԿ պետական հանձնաժողովի նախագահ Լևոն Մնացականյանը էլեկտրաէներգիայի նոր՝ բարձրացված և նախորդ սակագների միջև առկա տարբերությունը կսւբսիդավորվի պետական բյուջեից: Հանրապետության բնակչությությունը շարունակելու է սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարել նախկին սակագներով, ինչը չի անդրադառնում արտադրատնտեսական նպատակներով սպառման վրա:
Ըստ «Արցախէներգո» ՓԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Ծատրյանի՝ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը պայմանավորված է դեկտեմբեր ամսից ՀՀ դրամի փոխարժեքի անկմամբ և էլեկտրամատակարարման ապահովման համար ընկերության կատարած ծախսերը եկամուտներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
Աղբյուրը՝ Artsakhpress.am