«Ամենայն հավանականությամբ, Ուկրաինան բողոքի նոտա կհղի Հայաստանին Ակսիոնովին ընդունելու համար»

«Ակսիոնովի ընդունելությունը Հայաստանում ոչ բարեկամական քայլ է Ուկրաինայի նկատմամբ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայի Ռազմավարության և անվտանգության հետազոտությունների խմբի ղեկավար, ուկրաինացի վերլուծաբան Սերգի Գերասիմչուկը՝ անդրադառնալով Ղրիմի, այսպես կոչված, ղեկավար Սերգեյ Ակսիոնովի՝ ՀՀ կատարելիք այցին: Նշենք, որ օրերս Ռուսաստանի նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը Ղրիմի կառավարության նիստում տեղեկացրել է, որ Հայաստանում տեղի է ունենալու միջտարածաշրջանային համաժողով, որին մասնակցելու է նաև Ակսիոնովը:

Տեղեկությունը հայաստանյան սոցցանցերում բուռն քննարկումների առիթ է դարձել: Փորձագիտական հանրության որոշ ներկայացուցիչների և օգտատերերի պնդմամբ՝ այցն անթույլատրելի է, քանի որ լի է անկանխատեսելի հետևանքներով Հայաստանի միջազգային հեղինակության, Արևմուտք-ՀՀ հարաբերությունների համար: Ուկրաինացի փորձագետն ասաց, թե հարցն այն է, որ Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին միջազգային իրավունքի դաշտում լուրջ խնդիրներ, տարաձայնություններ բարձրացրեց, ամենապարզից՝ մինչև սահմանների վերանայման խնդիրներ:

Ըստ նրա` փաստորեն Ղրիմի բռնակցումը նաև երկակի չափանիշների ձևավորման հիմք դարձավ: «Պաշտոնական ճանաչում ստանալ այն մասին, որ Ղրիմն այսօր համարվում է ՌԴ-ի մի մաս, ունի իր ղեկավարները, որոնք կարող են պաշտոնական այցերով մեկնել այս կամ այն երկիր, բավականին դժվար է: Ինձ համար զարմանալի է, որ ՀՀ իշխանությունները նման որոշում են կայացրել: Որքանով ինձ է հայտնի, դիտարկվում էր Ակսիոնովի մասնակցությունը սեպտեմբերի սկզբին Չինաստանում կայանալիք տնտեսական ֆորումին: Չինաստանը մշտապես աչքի է ընկել ինքնուրույն արտաքին քաղաքականությամբ, Չինաստանը բավականին հաճախ ուշադրություն չի դարձնում միջազգային իրավունքի սկզբունքների վրա, քանի որ իրեն կարող է թույլ տալ՝ որպես հզոր, մեծ տնտեսական և ռազմական ներուժ ունեցող գերտերություն, դիմել համարձակ քայլերի:

Ամեն դեպքում, Չինաստանը հեռու մնաց Ակսիոնովին հրավիրելուց, քանի որ Ակսիոնովը ներկայացնում է Ղրիմն օկուպացրած իշխանություններին, Ակսիոնովն արևմտյան պատժամիջոցների տակ է: Եթե նույնիսկ Չինաստանը հեռու մնաց այդ այցից, ապա չգիտեմ, թե ինչու դա չկարողացավ անել Հայաստանը»,- նման անհանգստություն հայտնեց Սերգի Գերասիմչուկը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ սա ՌԴ իշխանությունների կողմից կազմակերպված այց է, որը ՀՀ իշխանությունները չեն մերժել խնդիրներից խուսափելու նպատակով, նա պատասխանեց, որ եթե ՌԴ իշխանություններն ինչ-որ բան են պլանավորում Հայաստանում, իսկ ՀՀ իշխանությունները չեն կարող նրանց հակադրվել, ապա երկրի արտաքին քաղաքականության անկախությունը հարցականի տակ է հայտնվում:

«Կարծում եմ, որ ԵՄ-ն այս այցին կանդրադառնա ավանդական կերպով՝ իր անհանգստությունը և մտահոգությունը հայտնելով, իսկ Ուկրաինայի կողմից սա կընկալվի՝ որպես ոչ բարեկամական քայլ, և, ամենայն հավանականությամբ, Ուկրաինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա կհղի հայկական կողմին»,- ասաց Սերգի Գերասիմչուկը:

Տեսանյութեր

Լրահոս