«Ալիևը վախենում է պատերազմ սկսել միայն մի պատճառով»
Սահմանում լարված վիճակը չի կարող թուլանալ, քանի որ դա ուղիղ կապված է Ադրբեջանի ներքին իրավիճակի հետ: Այս կարծիքին է «Ազգային պետություն» կուսակցության նախագահ Սամվել Շահինյանը, ով 168.am-ի հետ զրույցում խոսելով ղարաբաղաադրբեջանական սահմանի լարված իրավիճակի մասին՝ նշեց, որ Ադրբեջանը սոցիալական և քաղաքական շատ բարդ իրավիճակում է, այնտեղ բոլոր ցեղերը, որոնք, ենթադրվում էր, որ հետագայում ձևավորվող ադրբեջանական ժողովրդի մի մասը պետք է լինեին, հիմա գլուխ են բարձրացրել և անկախության պայքար են մղում:
– Արդյոք սահմանի այս լարվածությունը միայն Ադրբեջանի ներքին իրավիճակո՞վ է պայմանավորված, և չկա՞ն արտաքին գործոններ, ու արդյոք աշխարհաքաղաքական կենտրոնները չե՞ն կարող որևէ ազդեցություն ունենալ այս իրավիճակում:
– Մոռացեք, որովհետև Ադրբեջանի նկատմամբ չափից դուրս բարյացակամ են բոլորը՝ աշխարհաքաղաքական իմաստով, նույնիսկ Ռուսաստանը: Միայն այն փաստը, որ 1000-ից ավելի տանկ են վաճառել իրենց, շատ բանի մասին է խոսում: Նրանք ավելի շատ ադրբեջանցիների հետ են եղբայր, քան մեզ հետ: Դա չէ խնդիրը, խնդիրն այն է, որ նախ՝ Ադրբեջանը չի կարողանում միջազգային պայմանագրերով վերցրած պարտավորությունները և իրենց ադրբեջանական մենթալիտետով պետականությունն իրականացնել, սա խանական իշխանություն է, այնտեղ բոլոր ընդդիմադիրները բերդերում նստած են, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, որոնք իսկապես դրական գործ են անում, նրանք բոլոր նստած են:
-Այսինքն՝ եթե հիմա Ադրբեջանը որոշի պատերազմ սկսել, այդ աշխարհաքաղաքական կենտրոնները չե՞ն փորձի որևէ կերպ զսպել նրան:
– Չեմ կարծում:
– Բայց այդ դեպքում՝ մինչև հիմա ի՞նչն է հետ պահել Ադրբեջանին՝ կտրուկ գործողությունների անցնել:
– Մինչև հիմա հույս ուներ, որ ճնշման տակ մենք կզիջենք, որվհետև Լևոնը (խոսքը Լևոն Տեր-Պետրոսյանին մասին է.– Ա. Ք.) նման հույսեր է տվել: Այն ժամանակ Լ. Տեր-Պետրոսյանը ռեալ այդ քաղաքականությունն էր տանում, թե ինչո՞ւ՝ չեմ հասկանում, բայց հիմա մենք գիտենք, որ դա չի կարելի անել, իսկ իրենք էլ գիտեն, որ անհնար է դա, ու իրենց մտածողներն էլ են անտրամաբանական համարում այդ տարածքների վերադարձը: Որպեսզի Ալիևը կարողանա շարունակել ղեկավարել երկիրը ու մնա այդ գահին, իրեն պետք է այդ պատերազմը, նա վախենում է սկսել միայն մի պատճառով. ինքը վստահ չէ, որ հաջողության կհասնի, ու դա կլինի Ադրբեջանի վերջնական կործանումը:
– Ինչո՞ւ վստահ չէ:
– Որովհետև հարցնում է մասնագետներին, իրենք պարզ ասում են, որ թե՛ մարդկային քանակով գերակշիռ լինելը, թե՛ զինատեսակների բազմազանությունը և հզոր բանակ ունենալն ամենևին հզորության նշան չեն: Փաստ այն է, որ նա քանի անգամ դիվերսիաներ արեց, դիվերսիաների ժամանակ մեծ կորուստներ ունեցավ: Ինքն անգամ մի հաղթանակ չունեցավ, որ ցույց տա: Միակ հաղթանակն այն էր, որ մեր ուղղաթիռը խփեց, 2 օր հետո մեր հատուկ նշանակության ջոկատայինները քթի տակից փախցրեցին, դիակները բերեցին:
– Պարոն Շահինյան, ըստ Ձեզ՝ հիմա իրավիճակը պատերազմակա՞ն է, ինչպես շատերն են գնահատում:
– Ես կարծում եմ՝ պատերազմական վիճակը միշտ է եղել, ուղղակի հիմա ավելի սրվել է: Եվ ինձ դուր է գալիս, որ մեր ժողովուրդը պատրաստ է դրան ու հանգիստ է նայում:
– Շատերը նշում են, թե որպեսզի նման լարված իրավիճակներ չլինեն, հայկական կողմը պետք է կանխարգելիչ հարձակումների անցնի: Դուք համաձա՞յն եք նման մոտեցման հետ:
– Ոչ, դա նշանակում է՝ պրովոկացիայի տրվել, մերոնք պետք է շարունակեն իրենց պաշտպանական դիրքորոշումը պահպանել, թող ադրբեջանցիները սկսեն պատերազմը, իրենք էլ ջախջախվեն: Ճիշտ է՝ երկու կողմից էլ կորուստներն ահավոր են լինելու, բայց այդ թնջուկը վերջնականապես լուծելու ճանապարհն այս Ալիև-կրտսերի օրոք դա է երևի: