Բաժիններ՝

«Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանի հետ միասին նաև դպրոցի տնօրենին էր պետք աշխատանքից հեռացնել». Անահիտ Բախշյան

«Եթե չլիներ այս սոցիալական ցանցի աղմուկը և հասարակության հակազդեցությունը, Զարզանդը կմնար փոխտնօրենի պաշտոնում»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանը նշանակավել էր Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրեն, սակայն քիչ առաջ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն տարածեց այն մասին, որ չեղյալ են համարել այդ որոշումը:

Ինչպես տեղեկացրել ենք՝  Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանը սեպտեմբերի 1-ից նշանակվել էր Կապանի թիվ 6 դպրոցի տնօրենի տեղակալ: Դպրոցի տնօրեն Մարինե Դավթյանի խոսքով՝ Զարզանդ Նիկողոսյանը երկու կարմիր դիպլոմ ունի, մանկավարժ-մարզիչ է: «Զարզանդ Նիկողոսյանը դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ է եղել, իր մարդկային եւ մասնագիտական կարողությունների համար էլ անձամբ ես հրավիրել եմ դպրոցում աշխատելու: Բացի դրանից՝ նրան ամբողջ մանկավարժական կոլեկտիվն է սիրում, երեխաները, ծնողները»,- ասել է դպրոցի տնօրենը:

Դպրոցի տնօրենը նաև ասել էր, որ Զարզանդ Նիկողոսյանն այդ պաշտոնը ստանձնել է կես դրույքով: Վերջինս, խոսելով բազմաթիվ կրիմինալ-աղմկահարույց պատմություններում առաջնակարգ դերակատարում ունեցող Զարզանդ Նիկողոսյանի աշխատավարձի մասին, ասել է. «Աշխատավարձն ի՞նչ կապ ունի, երբ մարդն ուզում է նվիրվել դպրոցին, աշխատում է և իրեն չի էլ հետաքրքրում աշխատավարձը: Ինչի՞ Դուք չգիտեք մանկավարժի աշխատավարձն ինչքան է: Հավատացնում եմ Ձեզ, որ նվիրումից ելնելով է Զարզանդ Նիկողոսյանն աշխատում դպրոցում»:

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում Անահիտ Բախշյանն ասաց. «Այդ «շողոքորթ» տնօրենը պետք է իմանար կարգը, որ, նախ, Զարզանդի կերպարն է հակացուցված դպրոցին, մյուս կողմից էլ պետք է ինքը վերջին 7 տարվա աշխատանքային ստաժում ունենար 5 տարվա աշխատանքային ստաժ»:

Մեր զրուցակիցը ևս համոզված է, որ Զ. Նիկողոսյանին փոխտնօրենի պաշտոնում նշանակել է Սյունիքի մարզպետը, ազատել է ՀՀ կրթության և գիտության նախարարը:

Մեր այն դիտարկմանը, թե փաստորեն նախարարը հաշվի է նստում հասարակության կարծիքի հետ, Ա. Բախշյանը պատասխանեց, որ նախարարը հաշվի նստեց, որովհետև եթե հակառակը լիներ, ապա առաջին հերթին ինքն էր հեղինակազրկվում.

«Ճիշտ է՝ նշանակելը մարզպետի որոշումն էր, բայց կրթության քաղաքականության պատասխանատուն մնում է Կրթության նախարարը և ինքը նաև բոլոր իրավական ակտերի, ճիշտ ընթացակարգերի պատասխանատուն է: Այստեղ կարգի խախտում է եղել: Եթե կարգի խախտում չլիներ, ապա նախարարի համար Զարզանդի կերպարը բավական չէր լինի՝ նրան ազատելու համար»:

Ա. Բախշյանի խոսքով՝ դպրոցի այդ տնօրենին էլ պետք է ազատեն աշխատանքից. «Այսպիսի խախտման համար՝ նրան տեղնուտեղը պետք է ազատեն աշխատանքից, որ բոլորին դաս լինի: Հերիք չի իրենց ստորաքարշ կերպարները պարտադրում են երեխաներին, հետո էլ շարունակում են մնալ իրենց տեղում: Ես նախարար լինեի՝ տնօրենին առաջինը կազատեի աշխատանքից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս