Ինչո՞ւ է Արմեն Աշոտյանն իր երեխային տանում մասնավոր դպրոց
«Սեպտեմբերի 1-ին ուսումնական հաստատությունների դռները կբացվեն շուրջ 400 հազար աշակերտների առջև: Այս տարի առաջին դասարան կմտնեն մոտ 40 հազար աշակերտներ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի բարձ ցուցանիշ է. նախորդ տարի առաջին դասարանցիների թիվը 38 հազար էր: Նրանց համար պատրաստ են դասագրքերը: 1-4-րդ դասարանցիները կապահովվեն անվճար դասագրքերով, 5-12-րդ դասարանցիներըշ կշարունակեն դասագրքրեն ստանալ վարձակալությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ մշակվում է կրթության զարգացման ծրագիր, որին և՛ հասարակության, և՛ մանկավարժների ակտիվ մասնակցությունն են ակնկալում. «Շարունակում ենք ազգային երգ ու պարի ծրագիրը: Փորձնական ծրագրով նախորդ տարի ունեցանք տասներեք դպրոց, այս տարի դրանց թիվն ավելացավ հարյուրով: Շարունակվում է ուսուցիչների վերապատրաստումը և ամբողջ տարվա ընթացքում երգի ու պարի ուսուցիչները կլինեն Կրթության ազգային ինստիտուտի հոգատարության ներքո՝ վերապատրաստումների առումով:
Վայոց Ձորում մեկնարկում է «1 աշակերտ-1 համակարգիչ» ծրագիրը: Շարունակվում են «դպրոցական սնունդ» ծրագրերը բոլոր մարզերում, առանձին ավագ դպրոցներ շարունակում են իրենց աշխատանքը, ներակայացվել է նրանց ուսումնական պլանը, որը հնարավորություն է տալիս հոսքային ուսուցում անցկացնել հումանիտար և բնագիտական հոսքերով»:
Ինչ վերաբերում է ներառական դպրոցներին, ապա բանախոսը նշեց, որ դրանց թիվն այսօր շուրջ 150-ն է և այնտեղ սովորում են 2 հազարից ավելի երեխաներ: Ըստ նրա՝ հատուկ դպրոցներում նվազում է երեխանրի թիվը և ծնեղները իրենց երեխաներին տանում են ներառական դպրոց. «Ծնողն ինքն է որոշում, թե որ դպրոցում սովորի իր երեխան: Ցանկալի կլինի, որ խնդիրներ ունեցող երեխաները սովորեն ներառական դպրոցներում, բայց եթե ծնողն ուզում է երեխային տանել սովորական դպրոց, ապա դպրոցների դռները բաց են այդ երեխաների առջև»:
Լրագրողների հարցին, թե քանի՞ մասնավոր դպրոց կա Հայաստանում և ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ մեր ԿԳ նախարարի որդիները հաճախում են մասնավոր դպրոց. արդյո՞ք այդ դպրոցի գովազդը չէ դա, նա պատասխանեց.
«Ոչ պետական դպրոցների թիվը 50 էր, հիմա բավականին կրճատվել է՝ երևի 40, որովհետև ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս դպրոցների հաճախումը նվազագույն թիվ է կազմում: Յուրաքանչյուրն իրավունք ունի ունենալ ոչ պետական դպրոց, և եթե այդ դպրոցը լիցենզավորված է, ապա այն կարող է աշխատել: Ոչ պետական դպրոցն այսօր չի խանգարում պետական դպրոցին: Իսկ ինչ վերաբերում է հարցադրմանը, ապա ԿԳ նախարարը քաղաքացի է և ինքն է որոշում իր երեխաների ուսումնական հաստատությունը»:
Դիտարկմանը, թե դա չի՞ նշանակում, որ պարոն նախարարն իր երեխաների կրթությունը չի վստահում պետական դպրոցներին, նա պատասխանեց՝ վստահելու խնդիր չէ, այլ՝ ցանկության. «Ես չէի ասի, որ երբ նախարարն իր երեխաներին տարել է այդ դպրոց, դրանից հետո այդ դպրոցի առաջին դասարանցիների թիվը բազմապատկվել է կամ ավելացել, ոչինչ չի կատարվել: Պարզապես ունենք ոչ պետական դպրոցներ, որոնք մրցակցության մեջ ունեն որոշակի վարկանիշ»: