Արգամ Այվազյան. «…Չեմ կարող բացառել, որ դա ձեռք բերի անանուն գնորդ Ադրբեջանից կամ Թուրքիայից, որից հետո պարզ չի լինի արխիվի հետագա ճակատագիրը». ՊՈԱԿ-ի ոչ հարկադրված պատասխանը Արգամ Այվազյանին
Ս.թ. 25.08.2015 «168 ժամ» էլեկտրոնային կայքում հրապարակված Արգամ Այվազյանի` իբրև հարկադրված պատասխանը նման է զավեշտի: Նախիջևանագետի նմանօրինակ հրապարակումներին ՊՈԱԿ-ի Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն անդրադառնում է վերջին անգամ: Նրա հերթական «ելույթին» անդրադառնալու պատճառն այն է, որ հասարակությունը հնարավորություն ունենա ամբողջական ու մանրամասն պատկերացում կազմելու, թե ինչից է առաջացել Արգամ Այվազյանի «տենդը» (հայերեն բառարանում հրաշալի նկարագրված է բառի փոխաբերական իմաստը): Այդ մասին ավելի ուշ….
Ա. Այվազյանին մեծահոգաբար շնորհակալություն ենք հայտնում իր` առայժմ վերջին հրապարակման մեջ (քանի որ վստահ ենք` նա դեռ շարունակելու է տարբեր հարթակներում «թարմ ականջներ» փնտրել) ՊՈԱԿ-ի կատարած աշխատանքը նաև իր կողմից գնահատելու համար:
Փոքր, բայց կարևոր պարզաբանում. անդրադառնանք Ա. Այվազյանի պատասխանի այն կետին, որը վերաբերում է 2011թ-ի մայիսի 5-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությանը: Նշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-մ ոչ թե փաստում-հորդորում է, ինչպես պնդում է Ա. Այվազյանը, այլ միայն փաստում է, որ «հնավայրն արժանանում է այդ մրցանակին ձեռնարկված այն միջոցների համար, որոնք գործադրվել են մշակութային մնացորդների պահպանության, ինչպեսև այն ջանքերի համար, որոնց նպատակը հնավայրի բացահայտումն է տեղացի և օտար այցելուների համար: Ժյուրին ողջունել է նաև այն փաստը, որ աշխատանքն ընթացել է տեղական համայնքի հետ համաձայնությամբ՝ խրախուսելով սոցիալական և տնտեսական զարգացումը» (htt://www. unesco. org/new):
Կարծում ենք այստեղ ամեն ինչ ասված է. մրցանակը շնորհվել է փաստացի կատարված աշխատանքների համար: Այնպես որ, անհրաժեշտ է նվիրավտությունը տարբերել դրամաշնորհից: 2011 թ-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Միլենա Մերկուրի» միջազգային մրցանակին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանն արժանացել է Մշակութային բնապատկերի պահպանման և կառավարման (ՅՈՒՆԵՍԿՕ-Հայաստան) համար: Հեղինակավոր այս մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ անգամ, այն անհատին կամ կազմակերպությանը, որը նշանակալի ներդրում է ունեցել մշակութային լանդշաֆտի պահպանման և կառավարման բնագավառում: Այս պարզաբանումը փաստում է, որ ՊՈԱԿ-ին մրցանակը տրվել է արդեն իսկ կատարված աշխատանքների համար և ոչ թե սպասվող, ինչպես փութաջանորեն նշում է հոդվածի հեղինակը:
Հարկ ենք համարում Այվազյանին մեկ անգամ ևս հիշեցնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիշյալ մրցանակը նվիրատվություն է, իսկ բառի ուղիղ իմաստը ենթադրում է, որ ՊՈԱԿ-ն իրավասու է այն ծախսել իր հայեցողությամբ, ինչն էլ կատարվել է սահմանված կարգին համապատասխան:
Ինչ վերաբերում է տպիչի (սկաների) ձեռք բերման բազմաչարչար հարցին, նկատենք, որ «Միլենա Մերկուրի» մրցանակից 6000 ԱՄՆ դոլարը, այո, նախատեսվել է մեզ անհրաժեշտ Epson Perfection V 370 Photo տեխնիկական չափորոշիչներով բազմաֆունկցիոնալ սարքը գնելու համար: Բայց, քանի որ Հայատանի շուկայում նման տեխնիկական բնութագիր ունեցող տպիչ չկա, այն դեռ ձեռք չենք բերել, իսկ սահմանված գումարն ուղղվել է նպատակային ու առաջնահերթ համարվող այլ խնդիրների լուծմանը: Սակայն դա ամենևին չի նշանակում, թե այդ անհրաժեշտ տպիչը ձեռք բերելու համար ՊՈԱԿ-ը գումար չի տրամադրելու: Այնպես որ, մի´ անհանգստացեք, պարոն Այվազյան, մենք մեկ անգամ ևս դիմում ենք Ձեզ` օգտակար լինել այն ձեռք բերելու հարցում, ավելին` դրա համար նույնիսկ միջնորդավճար ենք խոստանում:
Այն, որ Արգամ Այվազյանը հեթական անգամ խեղաթյուրված է ներկայացրել փաստերը, այլևս կասկած չի հարուցում. օրինակ 2011թ-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից «Գառնի» թանգարանին շնորհված «Միլենա Մերկուրի» մրցանակի ֆինանսական միջոցների հանդեպ նրա հատուկ մոտեցումը, համաձայն հոդվածի հեղինակի, իբր թե ՊՈԱԿ-ը շռայլորեն միջոցներ է ծախսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի այդ մրցանակի պատվոգրի մետաղյա օրինակի պատրաստման և տեղադրման համար: Ի գիտություն Այվազյանի, Գառնիում տեղադրված մետաղյա ցուցանակի և դրա պատվանդանի պատրաստման ու տեղադրման վրա ծախսվել է ոչ թե 1.500 ԱՄՆ դոլար, այլ ընդամենը 300 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Ակնհայտ է, որ հուշարձանների մասին խոսելիս Ա. Այվազյանը հաճախ է փորձում զարմացնել հուշարձաններին առնչվող օրենքների, որոշումների «խորիմացությամբ»: Անտեղյակ մարդուն դա գուցե իսկապես գրավում է, բայց մասնագետներն անմիջապես նկատում են, որ նրա° օրենքներ մեջբերելը ոչ թե օրենքի իմացության արդյունք է, այլ օրենքի «գիտակ» ներկայանալու անզոր քայլ:
Բերենք մի քանի օրինակ.
«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ հուշարձանի սեփականատերը պարտավոր է ապահովել հուշարձանի պահպանությունը և անվթարությունը:
Մարդը դիմել է օրենքին, բայց արդյունքում ընկել իր իսկ հյուսած ծուղակը: Հոդվածի հեղինակը ոչ մի կերպ չի ցանկանում հասկանալ, թե ով է պետական սեփականություն հանդիսացող հուշարձանի սեփականատերը: Օգնենք նրան այս հարցում.
Պետական սեփականություն հանդիսացող հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման գործում իրավահարաբերությունները կարգավորող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ և 164-րդ հոդվածների, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «գ», 9-րդ հոդվածի «դ» և 36-րդ հոդվածի «ա» կետերի, 31-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2002թ. ապրիլի 20-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» թիվ 438 որոշմամբ հաստատված՝ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման» կարգի 31-րդ և 82-րդ կետերի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի, «Պատմամշակութային արգելոց–թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 10-րդ, 15-րդ, 38-րդ և 40-րդ կետերի, 11-րդ կետի «գ» և «ե» ենթակետերի, ՀՀ կառավարության 2003թ. մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. մարտի 6-ի թիվ 202 որոշման մեջ փոփոխություն կատարելու և պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» թիվ 312-Նոր ոշման 5-րդ կետի վերլուծությունից հետևում է, որ կազմակերպությունը իր կանոնադրական պարտականությունների համաձայն՝ իրականացնում է պետության սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանությունը, ուսումնասիրումը, հանրահռչակումը և օգտագործումը, իսկ այդ բնագավառի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:
Բացի այդ, կազմակերպության գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործելու վերաբերյալ գործող օրենսդրության իրավանորմերը հստակ նախատեսում են այն օգտագործելու ուղղությունները, որոնց մեջ չեն մտնում կազմակերպության օգտագործմանը հանձնված պետական սեփականություն հանդիսացող հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները:
Հուշարձանի սեփականատերն է կրում դրա պահպանման հոգսը, իսկ կազմակերպությունն էլ կրում է կազմակերպության սեփականության պահպանման հոգսը:
Հուշարձանի սեփականատերն է պարտավոր ապահովել հուշարձանի անվթարությունը:
Պետական սեփականություն հանդիսացող հուշարձաների ամրակայման, վերականգնման գործում կազմակերպությունը որպես պատվիրատու հանդես կարող է գալ միայն լիազոր մարմնի կողմից որպես այդպիսինը ճանաչվելու դեպքում, ինչը կազմակերպության ստեղծման օրվանից մինչ այժմ կատարվում է և կազմակերպությունն է հաստատում արգելոց–թանգարանների տարածքներում գտնվող շենքերի և շինությունների օգտագործման և վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերը:
Ա. Այվազյանի այն պնդումները, որ Օրենքի 42-րդ հոդվածով կարգավորված է, որ
«հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառը ֆինանսավորվում
է՝
ա) պետական և համայնքի բյուջեների միջոցներով.
բ) հուշարձանների սեփականատերերի և օգտագործողների միջոցներով,
վերաբերելի չեն հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման գործընթացներին, այլ Օրենքի մեջ բերված դրույթները վերաբերելի են հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի ֆինանսավորմանը, որոնք իրարից զատ գործընթացներ են: Օրենքը դրանք դիտում է որպես կարգավորման տարբեր առարկաներ:
Նշենք նաև, Ա. Այվազյանի իրավագիտակցությունը ակնհայտորեն կաղում է նաև կազմակերպության գործունեությունից ստացված շահույթի մասին պատկերացումներում: Տարբեր հուշարձաններում որևէ աշխատանք իրականացնելու միջոցների «սեփականաբաշխումը» սահմանելուց առաջ հարկ ենք համարում հիշեցնել նրան կազմակերպության կանոնադրության 40-րդ կետը:
Համաձայն որի` կազմակերպության գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար՝ հետևյալ ուղղություններով՝
ա) կազմակերպության աշխատանքային գործունեությունն ապահովող գույքի և նյութերի ձեռքբերում.
բ) կազմակերպության աշխատողների կենսաապահովման մակարդակի բարձրացում՝ պարգևատրումներով, հավելավճարներով և այլ խրախուսման միջոցներով.
գ) կազմակերպության տեխնիկական հագեցվածության բարելավում, այդ թվում՝ հիմնական միջոցների ձեռքբերում.
դ) կազմակերպության աշխատողների որակավորման բարձրացման նպատակով դասընթացների կազմակերպում կամ մասնակցություն կազմակերպված դասընթացներին.
ե) լիազորված պետական մարմնի կողմից նախատեսված այլ ուղղություններ:
Ինչ վերաբերում է ՊՈԱԿ-ի մասնաճյուղերի տոմսերի վաճառքից ստացված տոկոսային պատկերին, ինչն այդքան մտահոգում է հեղինակին, ապա հիշեցնենք, որ տոմսերի վաճառքից ստացված հասույթը մշտապես նպատակաուղղվում է ոչ միայն ՊՈԱԿ-ի, այլև նրա 20 մասնաճյուղերի կանոնադրությամբ նախատեսված գործառույթների և տարեկան աշխատանքային ծրագրերի իրականացմանը, որը հաստատվում է լիազոր մարմնի կողմից:
Ամենևին մտադիր չենք ընթերցողին ծանրաբեռնել օրենսդրական դրույթներով: Անշուշտ կան հարցեր, որոնց քանիցս անդրադարձել ենք և վերստին կրկնելու կարիք չենք տեսնում:
Ի դեպ Ա. Այվազյանը սկսել է ՊՈԱԿ-ի դեմ գրել է դեռ այն ժամանակ, երբ աշխատում էր նույն կազմակերպությունում (2007թ-ի հունվարի 18-ից մինչև 2011թ-ը փոխտնօրեն` գիտական աշխատանքների գծով, 2011թ-ի հունիսի 10-ից մինչև ազատումը` 2015թ-ի հունվարի 12-ը Աղբյուրագիտության և խմբագրական բաժնի վարիչ) հիմնականում նա իր ուշադրությունը կենտրոնացրել էր տարաբնույթ «թղթեր» հավաքելով (այդ մասին են խոսում նրա այն հրապարակումները, որտեղ վկայակոչվում են ՊՈԱԿ-ին առնչվող տարբեր փաստաթղթեր): Երկու անգամ նույնիսկ Աղբյուրագիտության և խմբագրական բաժնի վարիչը դատի է տվել իր անմիջական ղեկավարին` ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանին` «վիրավորված մշակույթի վաստակավոր գործչի իր արժանապատվությունը» վերականգնելու մտահոգությամբ: Եվ երկու դեպքում էլ դատական ատյաններում պարտվել է: Անգամ այս ամենից հետո ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ և միջոցներով հրատարակվելեն Ա. Այվազյանի` 2010թ-ին «Նախիջևանի վիմագրական ժառանգություն. հատոր Զ» (650.000 դրամ) և 2012թ-ին`«Մեզ պետք են մտքի զորավարներ» գրքերը (745. 000 դրամ` համաֆինանսավորմամբ): Եզրակացությունները թողնում ենք ընթերցողին :
Չնայած այս ամենին, նա ՊՈԱԿ-ի և ՀՀ մշակույթի նախարարության դեմ շարունակել է բողոք-նամակներ գրել` այս անգամ ուղղված ՀՀ նախագահին, ՀՀ ԱԺ նախագահին, ՀՀ վարչապետին, ՀՀ գլխավոր դատախազին: Հայագետ-նախիջևանագետին հասկանալու համար առաջարկում ենք մի քանի տարի հետ գնալ:
Հիմա խոստացված ամենաուշագրավի կամ` որ ավելի ճիշտ կլինի ասել. Արգամ Այվազյանի «տենդախտի» մասին:
Ի մի բերելով հրապարակում եղած բոլոր փաստերը, նրա գործողությունները, կիրառած «գործիքներն» ու գործելաոճը, արձանագրում ենք հետևյալը. Ա. Այվազյանի քայլերի հիմնական նպատակն է իրողությունները, փաստերը մատուցել սեփական դիտանկյունից որպես «անառարկելի ճշմարտություն», մինչդեռ այն ճշմարտության հետ որևէ աղերս, ընդհանրություն չունի: Իրականում Ա. Այվազյանը վրեժխնդիր է լինում ՊՈԱԿ-ից այն բանի համար, որ տնօրինությունը չի բավարարել իր շահադիտական նկրտումները: Ներկայացնենք մի քանի փաստեր ևս:
Հայկական ՍՍՀ մինիստրների խորհրդին առընթեր Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչությունը Պահպանության բաժնի վարիչ, հետագայում բաժնի ավագ տեսուչ Արգամ Այվազյանին 1982թ-ին, 1983-ին, ապա 1984-ին և 86-ին, դարձյալ որպես հուշարձանների պահպանության բաժնի վարիչ, գործուղել է Նախիջևան, Ջուղա, Այլիս և այլ վայրեր` հուշարձաններն ուսումնասիրելու և նյութեր հավաքելու նպատակով :
Փաստորեն, պետության հաշվին Նախիջևանի տարածաշրջան գործուղված Արգամ Այվազյանը փոխանակ պետական միջոցներով ձեռք բերված հուշարձանների սևանկարները հանձնի պետական արխիվ, դարձրել է իր սեփականությունը և փորձել շուկայական «բազառով» վաճառել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ին: Մի՞թե սա է Ա. Այվազյանի, մեղմ ասած, ազգային մտածողության և խոհեմության բանաձևը….
Նկատենք, որ 2008թ-ին ՀՀ մշակույթի նախարարի հրամանով ստեղծվել է Ա. Այվազյանի «Նախիջևանի պատմամշակութային հուշարձանների արխիվային նյութերի» գնման, գնահատման հանձաժողով: Անգամ այս պարագայում «առասպելի» հեղինակը շարունակել է այդ նույն նախարարության դեմ իր որդեգրած բողոք-նամակների քաղաքականությունը` ուղղված բարձաստիճան պետական այրերին` նպատակ հետապնդելով նյութերի գնումը պարտադրելու միջոցով մեծ գումարներ կորզել պետական միջոցներից:
Հատկանշական է, որ 2011 թ-ին հարազատ ՊՈԱԿ-ը սեփական միջոցներից հատկացրել է շուրջ 2.000.000 դրամ` գնելով Ա. Այվազյանի արխիվային նյութի պիտանելի` որակական չափանիշներին համապատասխանող հատվածը: Նրանից նաև գնվել է իր հարազատ եղբոր` Արծրուն Այվազյանի մոտ գտնվող հայտնի հնագետ, արվեստագետ, պատմական գիտությունների դոկտոր Անատոլի Յակոբսոնի արխիվը` շուրջ 1.000.000 դրամով: Բայց այսքանից հետո էլ նա շարունակել է իր «մխիթարության կարիք ունեցող առաքելությունը»:
Եվ այսպես, ՊՈԱԿ-ի ֆոնդային գնման հանձնաժողովի 2012թ-ի մայիսի 23-ի, ապա հուլիսի 13-ի նիստերում քննարկվել է նաև Ա. Այվազյանի` Նախիջևանի պատմական հուշարձանների սևանկարների գնման հարցը: Նույն հանձնաժողովի նիստում վերջինս սպառնացել է, որ չգնելու պարագայում ձեռք բերված հուշարձանների այդ արխիվը կարող է հայտնվել թշնամու ձեռքում. «…չեմ կարող բացառել, որ դա ձեռք բերի անանուն գնորդ Ադրբեջանից կամ Թուրքիայից, որից հետո պարզ չի լինի արխիվի հետագա ճակատագիրը»: Նման մտամարզանքի պատճառը հետևյալն էր. պահանջում էր, այսպես ասած «բիրիքով» գնել ամբողջ արխիվը` թելադրելով իր գինը`շուրջ 21. 000.000 դրամ, հակառակ դեպքում սպառնում էր այն վաճառել Ադրբեջանին կամ Թուրքիային: Նշված նիստերի արձանագրությունների տակ իր կարևոր ստորագրությունն է դրել նաև ինքը` Ա. Այվազյանը:
Ներկայացնում ենք այդ արձանագրության երկու կարևոր էջ
Ցավոք, այսպես է մեր առջև կանգնում ազգային արժեքների մասին մամուլը հեղեղող, աղաղակող ՀՀ մշակույթի վասակավոր գործիչ Արգամ Այվազյանի վերջին շրջանի խաթարված նկարագիրը:
Նշենք նաև, որ ավելի քան 10-ը տարի Հունաստանում ապահով հանգրվանած ընտանիքին տարին մեկ այցելելու համար, Ա. Այվազյանը պարբերաբար անցնում է Թուրքիայի տարածքով` արևելքից արևմուտք…
Հակված ենք կարծելու, որ հիշյալ հարցերի վերաբերյալ մեր պարզաբանումները կսթափեցնի սույն հեղինակին և կդադարի մամուլը ողողել իր ծեծված ու անխոհեմ հրապարակումներով, հակառակ պարագայում խորհուրդ ենք տալիս դիմել դատարան:
Հ.Գ. Չենք կարող շրջանցել նաև այն հարցը, թե ինչո՞ւ է վերջին շրջանում Ա. Այվազյանը զարմանալի լռություն պահպանում` Նախիջևանի հուշարձանների արխիվի վերաբերյալ: Գուցե արդեն իրականացրել է ազգային սեփականություն հանդիսացող արխիվը՝ հարևան երկրներին վաճառելու անթաքույց սպառնալիքը:
ՊՈԱԿ-ի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ` Մ. Ավանեսյան